Լրահոս

12.02.2015 17:03


Արտակ Խաչատրյանը նոր մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Արտակ Խաչատրյանը նոր մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Հարցազրույց փետրվարի 7–ին դիմակավորված և զինված անձանց կողմից առևանգված և մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկված, «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ

–Նախ՝ խնդրում եմ ասեք, թե ինչպես է հիմա ձեր առողջական վիճակը։

–Դրենաժավորման սարքն այսօր՝ մի քանի ժամ առաջ են անջատել, բայց դեռ պետք է մնամ բժիշկների հսկողության տակ։ Ցավեր, բնականաբար, ունեմ, բայց անհամեմատելի են։ Մինչ այս պահն անընդհատ ցավազրկողներ են ներարկել, բայց ցավն առաջին օրերի նման չէ։ Դրական դինամիկա կա. լավ եմ ինձ զգում, գոնե կարողանում եմ ինքնուրույն շարժվել։

–Իսկ որտեղի՞ց եք ձեռք բերել այն տեսագրությունը, որտեղ պատկերված է, թե ինչպես է դեպքի օրը ձեր ընկեր Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետևում «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենան։ Նարե՞կն էր նկատել, որ հետևում են։

–Նարեկը կապ չունի դրա հետ։ Շատ քաջատեղյակ չեմ, բայց գիտեմ, որ դա մի տեսագրություն է, որտեղ հստակ ֆիքսվում է, որ տվյալ մեքենան մեր բակից սկսած՝ հետևել է մեզ։ Հստակ ֆիքսված են այդ մեքենան և դրա պետհամարանիշները։ Մենք նույնիսկ կասկած չենք ունեցել, չենք նկատել, բայց զուտ պատահականորեն, երևի Աստծո կամոք, այդ տեսագրությունը կա։ Այդ հանցագործներն իրենք էլ չէին կարող հաշվարկել դա։ Դա եղել է իրենց հաշվարկից դուրս։

–Ձեր նկատմամբ կիրառված բռնությունն ինչպե՞ս կանդրադառնա ձեր հասարակական ակտիվության վրա։

Ուզում ես ասել, որ շատ ցավալի և վտանգավոր ու շատ ավելի վատ բաներով հղի փաստ է։ Նույնիսկ դա պետականաշինության հիմքերին ուղիղ վնասող փաստ է, որովհետև անպատժելիությունը և բանդիտիզմը վեր են դասվում ամեն ինչից։ Հուսամ, որ պատկան մարմինները կկարողանան բացահայտել և պատժել մեղավորներին, լիահույս եմ։ Ինչ վերաբերում է իմ՝ գործունեություն ծավալելուն, ես ինքս ակտիվ մարդ եմ, միշտ շարժման մեջ եմ և ոչ մի կերպ ու ոչ մի գնով թույլ չեմ տա, որ նման մեթոդներով կարողանան ազդել ինձ վրա։ Եթե պետք լինի այն առաջին զոհը մեր հասարակության մեջ՝ ինչ–որ բան փոխելու համար, ես պատրաստ եմ։ Ուզում եմ ասել, որ այդ ճղճիմ, մանր մեթոդներով ազդել իմ գործունեության սահմանափակման վրա, ես ուղղակի չեմ ներքաշվի այդ դաշտ և թույլ չեմ տա այդ հանցագործներին, որ այդ ձեռագրով վարվեն ու հասնեն իրենց ուզածին։

Դժվար է գտնել գիտակից մարդկանց այդպիսի մի խումբ, ովքեր ունենալով ուղեղ կամ համարվելով բանական մարդ՝ կարողանան իրենց նման կերպ պահել։ Այդ աստիճանի դաժանությունը սառնասրտություն չի, դա հանձնարարություն կատարել չի, հասկանում եք։ Ես հիմա չեմ ուզում դա մանրամասնել, բայց դա ծայրահեղ դաժանություն է, որն ուղղակի վտանգավոր է նույնիսկ հանրությանը կամ հասարակությանը մանրամասներ ասել։

–Ի՞նչ ուղերձ կհղեք իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին։

–Կարող եմ ասել, որ իմ դուխը տեղն է, տրամադրությունս՝ բարձր։ Չնայած ցավերին կամ ֆիզիկական մի քիչ դժվարություններին՝ ամեն դեպքում, դուխս տեղն է, ու կուզենամ, որ գոնե գա մի պահ՝ մեր ժողովուրդը մի պահ հասկանա, որ գիտակից քաղաքացիներ պետք է լինել, պետք է լինել համախմբված, ու նման մեթոդներին երբեք տեղի չտան։ Եթե այդ ամեն ինչը տեղի ունենա, նման մարդիկ ուղղակիորեն մոլախոտի նման արմատախիլ կլինեն մեր հասարակության մեջից, և այլևս գոնե մեր հաջորդ սերունդները կամ ժառանգները չեն ունենա նման իրավիճակ։ Սա իրավիճակ չէ, սա պաշտպանված երկիր չէ, պաշտպանված քաղաքացիներ չեն։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը


Այս խորագրի վերջին նյութերը