Մեկնաբանություն

15.02.2015 14:22


Բարի՛ իշխանափոխություն

Բարի՛ իշխանափոխություն

Սպասում ենք իշխանափոխության ճանապարհային քարտեզի ներկայացմանը։ Չնայած մարտավարական գործողությունների ու իրականացվելիք քայլերի հաջորդականությունը, մեծ հաշվով, կանխատեսլի է, սակայն իշխանափոխության գործընթացի պաշտոնական մեկնարկի ազդարարումը լրիվ նոր հարթություն է տեղափոխելու քաղաքական զարգացումները:

Իշխանությունը շարունակում է փորձել ատամներ ցույց տալ: Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Սկսվել է Գագիկ Ծառուկյանի «հարկային պարտավորությունների կատարման» հատուկ նշանակության օպերացիան: Մարզպետներին են խոսացնում, նույնիսկ տխրահռչակ Սուրիկ Խաչտրյանին: Պարզվում է նա «սահմանադրական կարգի պահպանման» մոլի ջատագով է...

Բայց այս ամենը երկրորդական է: Իշխանության բոլոր քայլերի ու ճնշումների տրամաբանությունը նախապես հայտնի է: Բնականաբար, դա չի կարող հաշվի չառնվել իշխանափոխության ճանապարհային քարտեզում:

Իշխանական լրատվադաշտն ու իշխանության մահապարտներն, առայժմ ակնարկների մակարդակով, շրջանառության մեջ են դնում երկրոդ «Մարտի 1»-ի հավանականությունը: Սա փաստացի սպառնալիք է, թեկուզ որ հնչեցվում է «հնարավոր անցանկալի զարգացումներ» ասվածի համատեքստում:

Բնականաբար իշխանափոխության ճանապարհային քարտեզը պետք է բացառի բախումները` պատրաստ լինելով դրանց: Իշխանության պերմանենտ քայլերը բացառապես ինչ-որ կերպ հակազդելու գործողություններ են: Այսօր քաղաքական օրակարգը բացառապես ձևավորում է Ծառուկյանի վերջին ելույթում հնչեցրած կոչի շրջանակներում։ Թե ինչ քայլերի է պատրաստ իշխանությունը հանուն աթոռի` գիտենք բոլորս: Ժամանակն է ցույց տալ, թե ինչի է ունակ արժանապատիվ երկրում ապրել ցանկացող Հայաստանի բացարձակ մեծամասնությունը:

Իշխանափոխությունը պարտադիր պետք է լինի անցնցնում: Եվ դա էն գլխից անհրաժեշտ է պարտադրել իշխանությանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի համազգային մոբիլիզացիա տեղի ունենա, որպեսզի իշխանությունները կրակելու հրաման չկարողանան տալ, իսկ եթե տան, ապա այն չկատարվի։

Մարազմատիկ հայտարարություններին, համազգային հռհռոցով, մի ձև կդիմանանք: Հարկային ստուգումներն էլ սովորական բան են...

Իշխանությանը վերջնականապես պետք է հասկացնել ու ցույց տալ, թե ում դեմ են դուրս եկել: Իսկ համաժողովրդական շարժումը այլևս դատապարտված է սկսված գործընթացին մասնակիցը դարձնել բացարձակ մեծամասնության ամեն մի անհատի: Եթե սա բոլորիս գործն է, ուրեմն գործնականում դա պետք է երևա: Այնպես որ, ի գործ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը