Մեկնաբանություն

19.02.2015 19:43


Քաղաքական կյանքը Գագիկ Ծառուկյանի որոշումից առաջ և հետո

Քաղաքական կյանքը Գագիկ Ծառուկյանի որոշումից առաջ և հետո

Մեզ համար անհասկանալի է այն հրճվանքը, որն առկա է ԲՀԿ հետքայլի ու Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո։ Երբ դա նկատվում է հակառակ ճամբարի ներկայացուցիչների մոտ, ապա դա հասկանալի է։ Բայց երբ ընդդիմադիր ներկայացողն է ուրախանում ստեղծված իրավիճակով, ապա սա լրիվ այլ բան է նշանակում։

Կարելի է տարբեր գնահատականներ տալ Ծառուկյանի որոշմանը։ Կարելի է մեղադրել նրան, որ չգնաց բախման սցենարով, և պատրաստ չեղավ ցնցումային զարգացումների։ Կարելի է հիասթափվել ԲՀԿ–ից ու քաղաքական մյուս սուբյեկտներից, բայց հրճվել հաստատ չի կարելի։ Քանզի ԲՀԿ–ի հետքայլով մեր երկրում առակ խնդիրները չեն լուծվում։

Նրանք, ովքեր բախումներ էին ուզում, բայց ուրիշի ձեռքով, իրավունք ունեն խոր հիասթափություն ապրելու, բայց քաղաքական պայքարի նպատակը ոչ թե բախումներն են, այլ փոփոխությունները։

Այս առումով Ծառուկյանը որևէ մեկին չի խաբել։ Նա ու իր կուսակիցները մշտապես պնդել են, որ կողմ են խնդիրներն անարյուն լուծելուն։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ հակառակ կողմում լրիվ այլ մոտեցում ունեն։ Դա նրանց ուժեղության նշանը չէ։ Դա ցույց է տալիս, որ այս կողմում դեռ այնքան չեն կազմակերպվել, որ բացառեն ցնցումային տարբերակը։

«Մի՞թե Ծառուկյանը չգիտեր այդ մասին»,– կարող է հարց տալ շարքային քաղաքացին։ Գիտեր, իհարկե, բայց փաստն այն է, որ Ծառուկյանը չէր պատերազմ հայտարարողը։ ՀՀԿ խորհրդի նիստից հետո ԲՀԿ ղեկավարը հարկադրված պաշտպանվողի դերում էր։ Ծառուկյանի պատասխանն ավելի քան համարժեք էր, բայց երբ մրցակցությունը քաղաքական դաշտից տեղափոխվեց այլ հարթություն, ակնհայտորեն երևաց ռեսուրսների անհամարժեքությունը։

Երբ Ծառուկյանը տեսավ, որ ամեն ինչ գնում է դեպի բախում, ու, բացի այդ, մեջքից դաշույնի հարված ստացավ, նահանջի որոշում կայացրեց, քանզի չուզեցավ արյան վրա քաղաքականություն անել։

Միգուցե դասական կոչված քաղաքական գործիչները գնային արյան վրա (մանավանդ որ ուրիշի արյունն էր թափվելու)։ Միգուցե դասական կոչված քաղաքական գործիչները սեփական թիմակիցներին ու համակիրներին զոհաբերելու գնով փորձեին վարել պայքարը, բայց Ծառուկյանը չգնաց դրան։ Այլ հարց է, թե դա որքանով է ընկալելի հանրության համար, իսկ որքանով՝ ոչ։ Ժամանակը ցույց կտա։

Ժամանակն, ի դեպ, մի քանի բան արդեն ցույց է տվել։ Երևաց, թե ով է ընկրկողը, իսկ ով՝ երեսուն արծաթով վաճառվողն ու «հանուն ազգի դարդերի և պետական շահի»՝ ոչ այնքան էժանագին գործարք կնքողը։ Ով է առնետավազքի մասնակիցը, իսկ ով՝ պինդ կանգնածը։ Ով է արյան վրա առևտուր չանողը, իսկ ով՝ ազգի ու պետության շահերի անվան տակ վաշխառությամբ զբաղվողը։

Շատ բան երևաց այս մի քանի օրվա ընթացքում։ Օրինակ՝ երևաց, որ ԲՀԿ–ի քաղաքական թիմը ամենակայունն է և ամենապատրաստվածը, ինչպիսիք չկան ոչ մի կուսակցության մեջ։ Քամիները եկան ու անցան, բայց այդ թիմը մնաց իր դիրքերում և մնալու է՝ անկախ կարգավիճակից։

Երևաց նաև, որ ԲՀԿ–ի քաղաքական թիմի համար արժանապատվությունն ու սկզբունքայնությունը վեր է ամեն ինչից։ Էլի շատ բաներ երևացին, որոնց մասին դեռ շատ առիթներ կլինեն խոսելու։

Կյանքը, այդ թվում՝ քաղաքական կյանքը, շարունակվում է։ Ճիշտ է, այն այժմ այլ ընթացքի մեջ է, բայց դե, եկել է դասեր քաղելու և հետևություններ անելու ժամանակը։ Հիմա «սկզբունքայինների» համար եկել է օրվա տարբեր ժամերին տարբեր կարգավիճակով հանդես գալու ժամանակը։ Բոլորն ամեն ինչ տեսնում են։ Նախ և առաջ՝ դատարկությունը։

Բնության մեջ, սակայն, վակուումը միշտ լցվում է։ Սուրբ տեղը թափուր չի մնում։ Եվ պետք է ամեն ինչ անել, որ հանկարծ այդ վակուումը չլցվի ադրբեջանական զինուժով։ Մնացածը երկրորդական է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը