Աշխարհ

31.03.2015 21:20


Կապադովկիայում հսկայական ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել (լուսանկարներ)

Կապադովկիայում հսկայական ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել (լուսանկարներ)

Փորք Ասիայի արևելքում՝ Կապադովկիայում, հնագետները հսկայական հնագույն ստորգետնյա քաղաք են հայտնաբերել, որտեղ օտարերկրյա զավթիչների ասպատակություններից կարող էր մոտ 20 հազ մարդ թաքնվել։

Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնված քաղաքը հսկայական քարանձավ է, որի պատերը հրաբխային տուֆից են։ Փորված է ավելի քան 250 ապաստան, որտեղ կարող էին տեղավորվել մարդիկ։

Քարանձավը հայտնաբերվել է վաղ բյուզանդական Նևշեհիր ամրոցի բլրի տակ։ Այդ տարածքը դեռ վատ է ուսումնասիրված, բայց նախնական արդյունքներով արդեն կարելի է եզրակացնել՝ գտնված քաղաքը շատ ավելի մեծ է, քան Դերինկույուն՝ մինչ այդ պեղված ստորգետնյա ամենամեծ քաղաքը։

Նոր բացահայտումը պատահական է եղել. 2013–ին սկսվել է խարխուլ տների քանդումը, որի ընթացքում էլ շինարարները հայտնաբերել են սենյակների և թունելների մուտքերը։ Շինարարական աշխատանքները սառեցվել են, և քաղաքի իշխանությունները հնագետների և երկրաֆիզիկոսների են հրավիրել հետազոտությունների համար։

Արդեն 2014–ին պեղվեցին ստորգետնյա սենյակներ, խոհանոցներ, մատուռներ, գինեգործարաններ, աստիճաններ և հին բյուզանդական դարաշրջանի յուղի լապտերների արհեստանոցներ. հնագետները հայտնաբերեցին նաև բազմաթիվ արտեֆակտներ՝ հնագույն երկանաքարեր, քարից խաչեր և խեցե իրեր։

Համաձայն հետազոտությունների՝ քաղաքում կյանքը եռացել է վաղ բյուզանդական դարաշրջանում՝ նախքան օսմանյան նվաճումը։

Կապադովկիան քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում հաճախ էր ենթարկվում մահմեդական նվաճողների ասպատակություններին։ Այդ արշավանքները սկսվել են դեռ մ.թ. ա. 8–րդ դարից, իսկ մի քանի դար անց քաղաքը դարձավ սելջուկյան գրոհների թատերաբեմ։

Ի վերջո, Փոքր Ասիայում իրենց տիրապետությունը հաստատեցին օսմանյան կայսրերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը