Մեկնաբանություն

01.04.2015 17:37


Նա հոսանքին հակառակ գնացող տեսակ է

Նա հոսանքին հակառակ գնացող տեսակ է

Իրական մեծությունների, հզոր անհատականությունների մասին դժվար է բառ ասել: Մանավանդ, երբ իբրեւ ճակատագրի նվեր՝ մի 10 տարի ապրել ես նրա հարեւանությամբ: Տեսել ես, թե ինչպես է նա ամեն առավոտ նստում իր «Նիվան» ու գնում թատրոն: Երբեմն սուրճ ես խմել նրա տանը, մասնակցել նրա տանը 60-ամյակի խնջույքին...

Ու հասկացել ես, որ թեեւ նա ժողովրդի աչքում թվում էր մի անառիկ ամրոց, իրեն բոլորից «վանող» մի տեսակ, իրականում, սակայն, չափազանց «մատչելի» անկեղծ ու մարդամոտ տեսակ էր, որ կարող էր քեզ հետ զրուցել՝ որպես հավասարը հավասարի հետ:

Նրա Կորիոլանը մայր թատրոնի բեմում տեսել եմ 20 տարեկանում՝ պապիկիս հետ: Հետո մնացած դերերը...

1992-ին ես էլ էի ներկա Սունդուկյանի դահլիճում եւ մասնակիցն էի թնդացող ծափահարությունների, երբ նա Չարենցի սեփական մեկնությունն էր ներկայացնում՝ «Ես իմ անուշ Հայաստանի»...

Վերջին դերը՝ իր իսկ բեմադրած «Խաղում ենք ջին» ներկայացման հերոսին էլ եմ տեսել 2002-ին, երբ վերադարձել էր Ամերիկայից, եւ փորձում էր վերստին «հաստատվել» այն թատրոնում, որտեղ ծնվել էր:

Ամոթալի փաստ. մարդը վերադարձել էր, իսկ ժամանակին նրա շուրջը վխտացող թատերական գաճաճները դեռ շարունակում էին բամբասել եւ թունավորել նրա կյանքը:

Նույն այդ գաճաճներն, ի դեպ, 2004-ին փակեցին Սունդուկյանի անվան թատրոնի դռները ու անհետացան, որպեսզի նրա դին գոնե մի քանի րոպեով չդրվեր հարազատ թատրոնի բեմում դեպի անմահություն գնալուց առաջ:

Ո՛չ, հալածյալ չէր, եւ շատ ծիծաղելի կլիներ, որ այդպիսին լիներ: Պարզապես, նրա մեծությունը հանգիստ չէր տալիս ապաշնորհ խաժամուժին, ով զավթել էր նրա բեմը: Այն բեմը, որտեղ նա անանց արժեքներ էր ստեղծել: Ինչպես բոլոր հզոր անհատականությունները, նա էլ լուռ մռնչում էր…

Ի՞նչ աներ, երբ ասպարեզը սեփականել էին գորշություններն ու միջակությունները: Իսկ նրանք, ովքեր ժամանակին բեմում իրեն ընդամենը «ռեպլիկ տվողներ» էին, այսօր, ով զարմանք, ժողովրդական արտիստի կոչում ունեն:

Ի դեպ, Ամերիկայից վերադառնալուց հետո, երբ զրուցում էի նրա հետ, նկատելով այն, թե ինչ են բեմադրում մեր թատրոններում, ասաց. «Մենք ամենադժվար գործը պետք է անենք՝ խոսենք մարդկանց հետ, կարողանանք խոսել մեր հայրենակիցների հետ։ Թատրոնը դրա համար է. միայն մեծ ճշմարտությունը ներկայացնելու համար է։ Գիտեք, ճիշտ թատրոնը վտանգավոր բան է»:

ՆԱ ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԳՆԱՑՈՂ ՏԵՍԱԿ ԷՐ:

Անկախ նրանից, թե որ համակարգում էր ապրում եւ գործում՝ միշտ այդպիսին է եղել: Ինչպես կյանքում էր այդպիսին, այնպես էլ կինոյում ու թատրոնում նրա ընտրած ու մարմնավորած հերոսները, կերպարներն էին այդպիսին՝ հոսանքին հակառակ գնացող տեսակ...

Ով նրան չի տեսել բեմում, հաստատ չգիտի, թե իրականում որն է դերասանական արվեստը: Բայց նա դերասանություն չէր անում, երբեք չէր կեղծում ու ստում բեմում: Նա այնքա՜ն խոշոր երեւույթ էր, որ չէր կարող ծռմռվել ինչպես կյանքում, այնպես էլ բեմում:

Արտիստը հոգեբանական ռեալիզմի կրողն էր հայ բեմում: Այս ժանրի դերասանական տեսակի վերջին մոհիկաններից մեկը: Կա՞ մեկը, որին չի ապշեցրել նրա Գեւորգը «Սարոյան եղբայրներ» ֆիլմում...

Երբե՛ք չփորձեց իրեն պարտադրել, անգամ կեսբերան չտրտնջաց, թե այսինչ կամ այնինչ ամյակս նշեք. ի վերջո, 60-նն էլ, 65-ն էլ, 70-նն էլ հոբելյաններ էին, եւ ինքն էլ ժողովրդի համար՝ անշփոթելի Խորիկ։ Բայց մեկ է՝ ցուցադրական մեծարումներից, շքերթային գնահատանքներից, հանդեսային ձոներից հեռու մնաց։ Դիմացավ գայթակղությանը։ Իսկ 75-ամյակն անպայման ուզում էր նշել. այ, կավարտի տարիներով երազած բեմադրությունը (իսկ «Առաջին սիրո երգը 50 տարի անց» բեմականացման փորձերը սեղանի շուրջ արդեն սկսել էր) եւ հենց ապրիլի 1-ին կներկայացնի իր արվեստի հավատավորներին։

Ահա եւ ձեզ հոբելյան. Արսեն Վարունցը ձեզ հետ է նույնիսկ 50 տարի անց՝ իր խոհերով, ապրումներով, բազում մտահոգություններով, նաեւ՝ լավատեսությամբ ու հույսով։ Ավաղ, չհասցրեց…

Խորեն Աբրահամյանի մասին հարավոր չէ անցյալ ժամանակով խոսել, քանզի նման արվեստագետներն իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ այնպիսի խոր հետք են թողնում մեր կյանքում եւ արվեստում, որ անհնար է դառնում նրանց տեղավորել ժամանակային չափումների մեջ։

Նա իրեն համարում էր իսկական երեւանցի եւ բնիկ իգդիրցի՝ նույնիսկ պատվավոր կոչումից ավելին գնահատելով իր այդպիսին լինելը, իսկ առաջացած տարիքում անգամ շարունակում էր թաքուն հաճույքով լսել, որ մարդիկ դարձյալ իրեն Խորիկ են կոչում։

Ծնունդդ շնորհավո՛ր, Խորի՛կ, դու այսօր դարձար 85 տարեկան…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը