Մեկնաբանություն

19.04.2015 14:40


Ովքեր և ինչու են վարկաբեկում Հռոմի պապին

Ովքեր և ինչու են վարկաբեկում Հռոմի պապին

Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ոմանք նույնիսկ մոռացել են բուն թեմայի մասին ու Ցեղասպանության հաշվին անցել անձնական «փիառի» կազմակերպմանը կամ էլ՝ հակահայկական քարոզին։

Ամենամարազմատիկ վիճակում ադրբեջանցիներն են, ավելի ճիշտ՝ այնտեղի քարոզչամեքենան։ Իլհամ Ալիևին կցված «վերլուծաբանները» Հռոմի պապի պահվածքի համար մեղադրում են Թուրքիայի նախագահ Էրդողանին այն բանի համար, որ նա չի «ֆայմել» կաշառել կաթոլիկների հոգևոր առաջնորդին, իսկ փոխարենը հայերն են Քըրք Քրքորյանի ու մյուսների փողերով հասել Վատիկանում հայանպաստ միջոցառման կազմակերպմանը։ Թե քանի ոչխար կհավատա նմանատիպ հիմարությանը, թողնում ենք Ադրբեջանի վիճպետկոմին և անձնագրային վարչությանը։

Ադրբեջանական քարոզչամեքենայից, ի դեպ, հետ չի մնում նաև հայաստանյան իշխանություններին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենան։ Սրանց մատուցմամբ էլ՝ Սերժ Սարգսյանի, այս կամ այն չինովնիկի, կամ էլ դիվանագետի (ներքին մրցավազքն այս հարցում շարունակվում է) ջանքերի արդյունքն էր Հռոմի պապի մատուցած պատարագը։ Ուզում են ասել, որ եթե իրենք կամ ԻՆՔԸ չլինեին/չլիներ, ապա Հռոմի պապը պատարագ մատուցողը չէր։

Նկատենք, որ դա մոտավորապես նույնն է, ինչ ասում են ադրբեջանցիները։ Վերջիններս ասում են, թե Հռոմի պապին հայերը կաշառել են, դրա համար է նա հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ «մերոնք» էլ պնդում են, թե պապը տեղից չէր շարժվի, եթե նրան կողքից «չբզեր» ու «վերաբերմունք» ցույց չտար էս կամ էն մեկը (դե, հասկանում եք, էլի)։ Արդյունքում ստացվում է, որ տնաբույծ և ադրբեջանական քարոզչամեքենաները միանման վատ կարծիքի են Հռոմի պապի մասին։ Ըստ նրանց՝ պապը կաշառակեր մարդ է, կամ էլ մեկը, ում պետք է մի լավ հուշես, որ համամարդկային խնդիրներից խոսի, ու քրիստոնեավայել վարքագիծ դրսևորի։

Հետաքրքիր է՝ Հռոմի պապը տեղյա՞կ է, որ Հայաստանում ու, մասնավորապես, մեր դիվանագիտական կորպուսում իր մասին այդպիսի «լավ» կարծիքի են։

Երբ ադրբեջանցիներն են փորձում նսեմացնել Հռոմի պապի արածի նշանակությունը և կաշառակերի պիտակ կպցնել նրա վրա, դա հասկանալի է։ Ի վերջո, ամեն մեկը մտածում է իր փչացածության չափով և բնատուր ախմախության շրջանակներում։ Բայց երբ հայկական տիրույթից են հանուն սեփական «փիառի» Հռոմի պապի վարքագիծն արժեզրկում՝ իջեցնելով այն ներքաղաքական ու ներիշխանական «մուտիլովկաների» տիրույթ, դա արդեն, մեղմ ասած, անհասկանալի է և անընդունելի։

Իրականում Հռոմի պապը նոր բան չի արել։ Նա ընդամենը կրկնել է իր նախորդին, ով 2001–ին ժամանել էր Երևան, և Ծիծեռնակաբերդում պատարագ մատուցեց՝ դատապարտելով Հայոց ցեղասպանության իրականացումը։

Այնպես որ, Ցեղասպանության թեմայի շուրջ այս էժանագին աժիոտաժին պետք է վերջ տալ։ Ամո՛թ է։ Հռոմի պապին էլ հանգի՛ստ թողեք։ Մանավանդ որ նա, կրկնեմ, աննախադեպ բան չի արել, այլ ընդամենը պահել է իր նախորդի որդեգրած գիծը ու դեռ մի բան էլ հետքայլ արել՝ չգալով ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդ (ա՛յս հարցով, ի դեպ, պետք է զբաղվեին մեր «ջիգիթները»)։

Ցեղասպասնության հարցում էժանագին «փիառը» գավառամտության և հակապետականության վառ դրսևորում է և նողկանք է առաջացնում։ Նողկանքը կրկնապատկվում է, երբ տեսնում ես, թե ինչպես են երեկվա «ֆուտբոլասերներն» այսօր «թունդ պահանջատեր» դարձել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը