Մեկնաբանություն

22.04.2015 14:00


Թուրքիայի արտգործանախարար Չավուշօղլուի կոչը հայաստանյան իշխանություններին

Թուրքիայի արտգործանախարար Չավուշօղլուի կոչը հայաստանյան իշխանություններին

ԱՄՆ–ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն (ով ամենաադրբեջանամետ պաշտոնյան է թուրքական իստեբլիշմենտում) վերահաստատել է դեռևս «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկում Էրդողանի հնչեցրած տեսակետը, ըստ որի՝ հայ–թուրքական հարաբերությունները շաղկապված են հայ–ադրբեջանական հարաբերություններին, և սահմանի բացումը կլինի այն դեպքում, երբ Ղարաբաղի խնդրի լուծման հարցում կունենանք առաջընթաց («առաջընթացի» տակ թուրքերը հասկանում են հայկական կողմի միակողմանի հողային զիջումները, փաստացի՝ կապիտուլյացիան)։

2008–ի նախագահական «ընտրություններից» հետո Հայաստանում այնպիսի թուրքական մթնոլորտ էր հաստատված, և այնպես էր կարևորվում Գյուլի Երևան գալը, որ պաշտոնական Երևանը չտեսնելու և չլսելու էր տալիս թուրքական կողմի նախապայմանները։ Խնդիր էր դրված ներքաղաքական դաշտում խլել «քիրվայական» դրոշը մրցակցից և այդպիսով լուծել հետմարտիմեկյան հարցը։ Թուրքական նախապայմաններն արդեն հետաքրքիր չէին Բաղրամյան 26–ին, քանզի կարևորը հետընտրական երևույթները մարսելն ու իշխանությունը պահելն էր։

Սարգսյան–Նալբանդյան զույգը բավարարվում էր «Հայ–թուրքական արձանագրություններում որևէ նախապայման չկա» տրաֆարետային ձևակերպմամբ և համառորեն չէր ուզում ընդունել այն վտանգները, որոնց մասին խոսում էին քաղաքական ու փորձագիտական շրջանակները ներկայացնող հատուկենտ մարդիկ։

ՀՀ իշխանություններին «Ֆուտբոլային» դիվանագիտության մեջ հետաքրքրում էր ձևը, այլ ոչ թե բովանդակությունը։ Սրանց դուր էր գալիս, որ համաշխարհային մամուլը խոսում է իրենց մասին։ Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանին ու Ղարաբաղին, «նախաձեռնողականներին» քիչ էր հետաքրքրում, կամ, ավելի ճիշտ, ընդհանրապես չէր հետաքրքրում։

Արդյունքը եղավ այն, որ պաշտոնական Անկարան, օգտվելով հայկական կողմի կոպիտ սխալից, լեգիտիմ հնարավորություն ստացավ՝ մխրճվելու ղարաբաղյան գործընթաց՝ բնականաբար, հօգուտ Ադրբեջանի։ Դե, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գործնականում սառեցվեց։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը պատուհաս դարձավ Հայաստանի գլխին։ Չլուծվեցին այն հարցերը, որոնք առաջ էին քաշվել «Ֆուտբոլից» առաջ. սահմանը բաց չէ, և չկան դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Մնացածը դեմագոգիա է, «հայրենասիրական» հռետորաբանություն և էժանագին «պահանջատիրություն»։

Հիմա իշխանությունները փորձում են իրենց ձախողումները թաքցնել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո, բայց դա պարզապես ծիծաղելի է։ Ինչպե՞ս կարող են հիշել և պահանջել, երբ հայ–թուրքական արձանագրություններով մոռացել և հանձնել են Հայոց ցեղասպանության հարցը վասն աթոռապահպանության։

Հիշող և պահանջող իշխանություններն, ի դեպ, որպես սուրբ մասունք են պահում հայ–թուրքական մեռելածին արձանագրությունները և չեն ուզում հետ վերցնել ստորագրություններն ու գրողի ծոցն ուղարկել այդ փաստաթղթերը։

Անգամ Չավուշօղլուն է ակամայից կոչ անում Երևանին հետ վերցնել ստորագրություններն այդ արձանագրություններից, քանզի շաղկապում է դրանցում առկա դրույթների կատարումը Ղարաբաղի հետ։ Սակայն «արևմտամետ», «նախաձեռնող», «պահանջատեր» այս իշխանություններն անդրդվելի են։ Նրանք անմոռուկ են նկարում, հիշում ու պահանջում են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը