Աշխարհ

24.04.2015 10:02


«The Daily Beast»–ը՝ Սթիվ Ջոբսի ու Հայոց ցեղասպանության առնչության մասին

«The Daily Beast»–ը՝ Սթիվ Ջոբսի ու Հայոց ցեղասպանության առնչության մասին

Այսօր՝ ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, «Apple»-ը ներկայացնելու է իր նոր գլուխգործոցը՝ «Apple Watch» «խելացի» ժամացույցը։

Հանրահայտ ապրանքանիշի համահիմնադիր Սթիվ Ջոբսի՝ Հայոց ցեղասպանությանն ունեցած առնչությունն է իր «Apple-ի Հայոց ցեղասպանության խնդիրը» հոդվածում ներակայացրել «The Daily Beast»-ը։

Պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Սթիվ Ջոբսի կենսագրությանը։ Վերջինը որոշ չափով տիրապետել է խոսակցական հայերենին, ծանոթ եղել Հայոց ցեղասպանությանը՝ շնորհիվ խորթ մոր՝ հայուհի Կլարա Հակոբյանի։

Կլարայի մայրը՝ Վիկտորյա Արթինյանը, ծնվել է Զմյուռնիայում, որը 1922–ին թալանվել ու ավերվել է թուրքերի կողմից։ Վիկտորյան հունական նավով 1919-ին ժամանել է ԱՄՆ, որտեղ էլ հանդիպել է մալաթիացի Լուի Հակոբյանին։ Մալաթիայում զանգվածային կոտորածները սկսվել էին 1800-ականների վերջին. այնտեղ 20.000 հայ էր ոչնչացվել:

1924-ին ծնվում է այս զույգի աղջիկը՝ Կլարա Հակոբյանը, որը մեծանում է Սան Ֆրանցիսկոյում։ Այստեղ էլ Կլարան հանդիպում է երիտասարդ նավաստի Փոլ Ջոբսին և ամուսնանում: 1955-ին էլ ամուսինները որդեգրում են սիրիական ծագմամբ ամերիկացի Սթիվ Ջոբսին:

«Նրանք 1000 տոկոսով իմ ծնողներն են. կենսաբանական ծնողներս պարզապես կատարել էին արտադրողական գործառույթ, ոչինչ ավելի»,–պատմել է Ջոբսը։

Չնայած Սթիվը երբեք հրապարակային չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանն ու խորթ մոր անցյալին՝ նրա վերաբերմունքը կոտորածներին ակնհայտ է դարձել թուրքական արձակուրդի ընթացքում։ 2007-ի ամռանը Ջոբսերն իրենց զբոսանավով 10 օր են անցկացրել Թուրքիայում՝ ուղեկցորդ Ասիլ Թունջերի հետ:

«Ամեն ինչ շատ լավ էր ընթանում մինչև վերջին օրը, – «The Daily Beast»-ին պատմել է Թունջերը: – Երբ մենք այցելեցինք բյուզանդական եկեղեցի (Սբ Սոֆյա տաճար), որը Օսմանյան կայսրության ընթացքում վերափոխել էին մզկիթի, Ջոբսը հարցրեց. «Ի՞նչ է պատահել այդքան քրիստոնյաներին: Դուք՝ մահմեդականներդ, ի՞նչ եք արել այդքան քրիստոնյաների հետ: Դուք ցեղասպանության եք ենթարկել 1.5 մլն հայի: Պատմե՛ք՝ ինչպես է դա տեղի ունեցել»:– Անսպասելի հարցից շփոթված Թունջերը չի իմացել՝ ինչ պատասխանի։ Սակայն երբ համառորեն պատասխանի սպասող Ջոբսը կրկնել է իր հարցը, Թունջերը փորձել է բացատրել, որ պատերազմի ժամանակ մարդիկ սպանել են իրար, և կատարվածը միտումնավոր ցեղասպանություն չի եղել: Այդ դեպքից անմիջապես հետո Ջոբսը թողել է Թուրքիան և վերադարձել ԱՄՆ։

«Նա չուներ հայկական արյուն, սակայն մոր շնորհիվ մեծ ձգողություն և կապվածություն էր զգում այդ ամենին»,- ասել է Ամերիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի խոսնակ Ֆիլ Ուալոթսքին՝ հավելելով, որ դժվար թե «Apple»-ը միտումնավոր ծրագրած լիներ ժամացույցի թողարկումն այդ ողբերգական տարելիցի օրը։

Աղբյուրը նշում է, որ ակտիվիստները մտահոգված են, որ «Apple»-ի միջոցառումը կարող է ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության ոգեկոչումից:

Ուալոթսքիի խոսքերով՝ եթե Սթիվը ողջ լիներ, կամ Ապրիլի 24-ի հանգամանքն ավելի վաղ ներկայացվեր «Apple»-ին, նման «համընկնում» չէր լինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը