Աշխարհ

30.04.2015 11:08


Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5500-ի

Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5500-ի

Ապրիլի 30-ի՝ ժամը 08.30-ի դրությամբ՝ ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5500-ի, իսկ վիրավորներինը` 10915-ի. տուժել է մոտ 8 մլն. մարդ:

Կա ջրի, սննդի և Էլեկտրականության պակաս, իսկ որոշ վայրերում հնարավոր է բռնկվեն համաճարակներ: Տարբեր երկրներ ուղարկում են համապատասխան օգնություն: Տեղի ոստիկանության, զորքերի, փրկարարների հետ մեկտեղ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև միջազգային փրկարարական թիմերը:

Նշենք, որ Նեպալի համար այս երկրաշարժը վերջին 81 տարվա մեջ ամենաավերիչն էր: Իսկ երկրաշարժի հետևանքով Էվերեստին առաջացած ձնահոսքերը խլեցին ևս 18 մարդու կյանք:

***
Ապրիլի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մ. Ապրեսյանի և Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում:

Ապրիլի 27-ի՝ ժամը 18.30-ի զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

***

Ապրիլի 26-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գրանցվել են բազմաթիվ հետցնցումներ, այդ թվում 5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ 18 հետցնցում:

Վերջինը գրանցվել է ժամը 11.09-ին՝ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ (9-10 բալ):

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը ժամը 07.57-ի դրությամբ հասել է 4353-ի:2000-ից ավել է, որից մի քանի տասնյակը հարևան Հնդկաստանում, իսկ մոտ 700-ը մայրաքաղաք Կատմանդուում: Վիրավորների թիվը հասնում է 5000-ի:

***

Սույն թվականի ապրիլի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին), ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության՝ 28.330 և արևելյան երկայնության՝ 84.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ:

Ըստ «Риа Новости», «BBC» և այլ լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1450 մարդ, 1700-ը՝ վիրավորվել, ավերվել են բազմաթիվ շենքեր և շինություններ:

34 մարդ զոհվել է Հնդկաստանում, 5-ը՝ Տիբեթում:

Այս խորագրի վերջին նյութերը