Մեկնաբանություն

05.05.2015 16:45


Ովքեր են վնասում Ղարաբաղին

Ովքեր են վնասում Ղարաբաղին

Եվ այսպես, երկար սպասելուց հետո Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ԱԺ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ միակ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մի կերպ հաղթահարել է 5 տոկոսի շեմը, և մեկ պատգամավորով ներկա կգտնվի խորհրդարանի աշխատանքներին։ Իսկ ահա իշխանական ուժերը, որոնք ներկայացված էին ԼՂՀ վարչապետի, ԼՂՀ ԱԺ նախագահի, ԼՂՀ փոխվարչապետի գլխավորած կուսակցությունների, ինչպես նաև «ընդդիմադիր» Կոմունիստական և «Շարժում-88» քաղաքական միավորների տեսքով, համատեղ հավաքել են այնքան, որքան օրերս Ղազախստանի անփոփոխ նախագահ Նազարբաևն էր «խփել» այդ երկրում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ՝ ստանալով ավելի քան 90 տոկոս ձայն։

Եթե հավատալու լինենք ԼՂՀ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներին, կստացվի, որ ղարաբաղցիները մազոխիստներ են, քանզի այնտեղից էլ, ինչպես Հայաստանից, կա արտագաղթ, կա լուրջ դժգոհություն իշխանությունների վարած քաղաքականությունից, աղքատությունն աճել է, և բյուջետային աշխատողներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում (ընտրությունների նախաշեմին ԼՂՀ իշխանությունները Հայաստանից 8 տոկոսով 20 միլիոն դոլարի չափ վարկ վերցրին, որպեսզի փակեն այդ պարտքերը), իշխանությունը մխրճվել է բիզնեսի մեջ, մարդկանց իրավունքները ոտնահարվում են, բայց ահա ընտրությունների ժամանակ նույն այդ իշխանությունը գրեթե հարյուր տոկոս արդյունք է ապահովում իր համար՝ վերարտադրվելով։

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը և իր կուսակիցները բազմիցս ահազանգում էին իրենց նկատմամբ կիրառվող ճնշումների, ապօրինությունների մասին, բայց Հայաստանում քար լռություն էր տիրում։ Քաղաքական դաշտում «գառների» լռություն էր, և կար կոնսենսուս այդ հարցում։

Սա, ի դեպ, շատ նուրբ թեմա է, և գրեթե բոլորը չեն ուզում մտնել այդ դաշտ, բայց իզուր։

Հայաստանում տարածված տեսակետ կա, թե, իբր, Ղարաբաղին վնաս չտալու համար պետք է առաջնորդվել «Ղարաբաղի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքով։ Այսինքն, Ղարաբաղին վերաբերվել այնպես, ինչպես մեռած մարդկանց են վերաբերվում։ Բայց դա իրականում Ղարաբաղի դեմ է։

Ղարաբաղում առկա խնդիրներից չխոսելը կա՛մ իշխանահաճո, կա՛մ կունյունկտուրային, կա՛մ կեղծ հայրենասիրական, կամ էլ անգրագետ մոտեցում է։

Առնվազն քաղաքականապես անմեղսունակ պետք է լինել՝ հայտարարելու համար, թե Ղարաբաղի ընտրությունները փայլուն էին, և դա կարող է Հայաստանի համար լավագույն օրինակ լինել, ու տարոսը թող մեզ լինի (փաստորեն, ուզում են, որ Հայաստանում էլ իշխանությունը տոտալ ձևով վերարտադրվի, ԱԺ–ում ունենանք հինգ տոկոս ընդդիմություն, և դա գնահատվի որպես դեմոկրատիայի հաղթանակ)։

Երբ նման բաներ հայտարարում են շարմազանովները կամ ղարաբաղյան չինովնիկները, դա հասկանալի է, բայց երբ Հայաստանում իրենց ընդդիմադիր համարող գործիչներն են հիացական գնահատականներ տալիս Ղարաբաղում կայացած նազարբաևյան կամ ալիևյան ոճի ընտրություններին, ապա նման վերաբերմունքն այլ կերպ, քան անմեղսունակություն, չես կարող գնահատել։ Ընդ որում՝ լավագույն դեպքում անմեղսունակություն։

Կա տեսակետ, որ Ղարաբաղը դեռ չճանաչված է, և պետք է աչք փակել այնտեղ տիրող անարդարությունների, թալանի ու մնացած բացասական երևույթների վրա, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, որ Ղարաբաղը դեմոկրատական է, ու այդպիսով Ադրբեջանի դեմ փաստարկներ ունենանք։ Ասում են՝ եկեք Ալիևի ջրաղացին ջուր չլցնենք, ու ասենք, որ Ղարաբաղում դեմոկրատական դրախտ է հաստատվել։ Այդ նույն տրամաբանությամբ՝ Հայաստանի խնդիրներից էլ պետք չի խոսել, քանզի թուրքը կուրախանա, իսկ ադրբեջանցին կառիթավորվի։ Բայց չէ՞ որ դա շատ սխալ մոտեցում է՝ ինքնախաբեություն։ Ավելի վատ մոտեցում դժվար է պատկերացնել։ Ի՞նչ է, եթե ընտրության օրը Ղարաբաղի ընտրատեղամասերում մարդ չեն կերել, ուրեմն ամեն ինչ կարգի՞ն է։ Այնտեղ ընտրությունները կեղծվում են մինչև ընտրությունները՝ վարչական ու այլ տիպի ռեսուրսների օգնությամբ։ Ու այդ մասին չխոսելով դրսի աչքին թոզ փչելը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել։

Նախ՝ միջազգային հանրությանը ոչինչ ասել պետք չէ։ Նրանք տեսնում են, որ Ղարաբաղում իշխանական ուժերը 90 տոկոսից ավելի են «խփում», իսկ դա չի կարող լինել դեմոկրատական հասարակություններում։ Այդ առումով Ղարաբաղը Հայաստանից նույնիսկ հետ է (թեև Բաղրամյան 26–ում մտադրվել են այս հարցում հասնել և անցնել Ղարաբաղին՝ դիմելով սահմանադրական փոփոխությունների օգնությանը), և հետևաբար՝ ախմախություն է տարոսը Հայաստանին ցանկանալը։

Շատ ավելի ճիշտ է Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև տարբերությունները ցույց տալ՝ առկա խնդիրներից հրապարակավ խոսելով։ Հենց դրանո՛վ պետք է Ղարաբաղը տարբերվի Ադրբեջանից։ Այլապես ո՞րն է տարբերությունը։ Ալիևն էլ է 90 տոկոսից ավելի «խփում»։

Եվ ամենակարևորի մասին։ Ղարաբաղում առկա խնդիրներից չխոսելով՝ մենք առնվազն հոգեբանական հարթության մեջ կորցնում ենք Ղարաբաղը, քանզի այնտեղի բնակիչները, տեսնելով, որ Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի իշխանական, քաղաքական (այդ թվում՝ ընդդիմադիր ներկայացող) ու նաև՝ հասարակական շրջանակների բացահայտ կամ լուռ աջակցությունն են վայելում, թողնում հեռանում են Ղարաբաղից, քանզի հասկանում են, որ քաղաքական ու տնտեսական մենաշնորհների պայմաններում իրենք ինքնադրսևորվելու հնարավորություն չեն ունենալու, իսկ Հայաստանից էլ ոչ միայն օգնություն չի սպասվում, այլ հակառակը՝ Հայաստանից ողջունող ծափահարություններ են հնչում ղարաբաղյան մենաշնորհատերերի հասցեին (միայն ՀԱԿ–ը ադեկվատ գնահատական տվեց Ղարաբաղում տեղի ունեցած ընտրություններին՝ հստակ մատնանշելով խնդիրները)։

Միջին վիճակագրական ղարաբաղցուն միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին իր լռությամբ «մեսիջ» է ուղարկում, որ ինքը չտեսնելու է տալու Ղարաբաղում առկա խնդիրները, և որևէ թթու խոսք չի ասելու ղարաբաղյան իշխանությունների վարքագծի մասին, քանզի ուզում է օգնած լինել ... ղարաբաղյան իշխանությունների տակ կքած միջին վիճակագրական ղարաբաղցուն։

Մոտավորապես նույն կերպ, ի դեպ, իրենց պահում են ՌԴ իշխանությունը և հասարակությունը ԱՊՀ տարածքում՝ աչք փակելով խնդիրների վրա կամ նույնիսկ խրախուսելով ապօրինի իշխանություններին՝ դրանով իսկ ակամայից հակառուսական տրամադրություններ տարածելով այդ պետություններում։ Ուկրաինայում, օրինակ, դա ավարտվեց ՌԴ–ի պարտությամբ, քանզի Յանուկովիչի ու նրա ղեկավարած համակարգի մասին «կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքի կիրառումն այլ արդյունք չէր ենթադրում։ Կրեմլը երկխոսություն չծավալեց Ուկրաինայի հանրության հետ և ստացավ եղբայրական ազգից կազմված հակառուսական պետություն իր քթի տակ։

Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները, բնականաբար, այլ հարթության վրա են և ֆունդամենտալ են տարբերվում Մոսկվա–Կիև հարաբերություններից։ Սակայն, որպես օրինակ, այն հետաքրքրական է ու մտածելու տեղիք պետք է տա բոլորիս։

Ասելս այն է, որ հանուն Հայաստանի ու Ղարաբաղի՝ պետք է խոսել խնդիրներից, և դրանով իսկ՝ դրական իմաստով տարբերվել Ադրբեջանից։ Այդպիսով նախ և առաջ օգնած կլինենք ղարաբաղցիներին և ՀՀ քաղաքացիներին։

Ղարաբաղում առկա ճչացող խնդիրները Հայաստանում «չնկատելը» և «ամեն ինչ կարգին է» ոճի գնահատականներ հնչեցնելը կարող են հայաստանցի–ղարաբաղցի կեղծ հակասությանն առարկայական տեսք տալ՝ դարձնելով այն իրական։

Մտավախությունս այն է, որ ղարաբաղցիներն առնվազն կենցաղային մակարդակում կսկսեն մեղադրել ՀՀ իշխանություններին (այն բանի համար, որ նրանք հովանավորում են ղարաբաղյան իշխանություններին, ու թույլ չեն տալիս դրական փոփոխություններ), ու հետո այդ մեղադրանքները կպրոյեկտեն Հայաստանի ամբողջ հանրության վրա, իսկ դրանից լավ հոտ չի գալիս։ Այնպես որ, մի կողմ է պետք թողնել արհեստական ձևակերպումներն, ու սկզբի համար զբաղվել խնդիրների մասին բարձրաձայն խոսելով։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Շատ հաճախ Հայաստանից հնչում են տեսակետներ, թե Ղարաբաղի քաղաքական կյանքին չպետք է խառնվել, քանզի այն դեռևս չճանաչված, բայց այդուհանդերձ ֆորմալ առումով ինքնուրույն պետություն է։ Սա նույնպես սխալ տեսակետ է։

Հայաստանի քաղաքական սուբյկետներն ու ՀՀ քաղաքացիները բացի բարոյականից, նաև իրավական ու քաղաքական հիմքեր ունեն Ղարաբաղի մասին կարծիքներ հայտնելու։

Գաղտնիք չէ, որ ՀՀ–ն տարեկան հսկայական գումար է զրոյական տոկոսադրույքով միջպետական վարկի շրջանակներում հատկացնում Ղարաբաղին։ Բա չիմանա՞նք, թե ինչպես են դրանք տնօրինվում, ովքեր են տնօրինում այդ գումարները։ Բացի այդ՝ չիմանա՞նք, թե կամավոր սկզբունքով Ղարաբաղ մեկնող մեր երեխեքին ում իշխանության ներքո ենք ուղարկում սահման պահելու։

Այս խորագրի վերջին նյութերը