Մեկնաբանություն

14.05.2015 15:35


Ալիևը կնոջ կրնկի տակ է, իսկ հայ «արևմտամետները»՝ Ալիևի

Ալիևը կնոջ կրնկի տակ է, իսկ հայ «արևմտամետները»՝ Ալիևի

Զարմանալի է, որ իշխանամետ ստատուսչիներն ու ֆեյքերը Տիգրան Խզմալյանի՝ «Haqqin.az»–ին տված հարցազրույց–հաշվետվությունից հետո բորբոքվել են։

Թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային ձայնակցող «Lragir.am»–ները, որոնք տարիներ շարունակ սերտորեն համագործակցում են նաև Բաղրամյան 26–ի հետ, վաղուց են ամենացիտվող ու ամենահարգի լրատվամիջոցները համարվում ադրբեջանական մեդիա դաշտում ու Խզմալյանից ոչ պակաս էնտուզիազմով են աշխատում Հայաստանի դեմ։

Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու են իշխանամետներն իրար խառնվել ու «հայրենասիրություն» խաղում Խզմալյանի ինքնաբացահայտումից հետո, իսկ ահա լուռ են մնում «անկախ» մամուլի գործունեության մասով։

Հայաստանյան «արևմտամետները» վաղուց են աշխատում մեր երկրի անվտանգության դեմ։ Արտաքուստ հանդես գալով առաջադեմ, քաղաքացիական ու ազատական արժեքների կրողների դերում՝ սրանք ամենաքյարթու ձևով ծառայում են թուրք–ադրբեջանական շահերին։

Քերի՛ր ցանկացած տնաբույծ «արևմտամետի», և տակից դուրս կգա «Haqqin.az»–ի ադրբեջանական լրատվական «շտամպերով» հանդես եկող Տիգրան Խզմալյանի պես մեկը։ Պարզապես հիմա Խզմալյանն է «ծակվել», ու բոլոր քարերն իր ուղղությամբ են նետվում։

2008–ից սկսած՝ մեր երկրում «Haqqin.az»–ական մթնոլորտ է ձևավորված «Ֆուտբոլային» դիվանագիտության շնորհիվ։ Այնպես որ, տխրահռչակ Տիգրանին քննադատողները նաև ա՛յս հանգամանքը պետք է շեշտեն։ Ի վերջո, Տիգրան Խզմալյանի հարցազրույց–հաշվետվությունից շատ ավելի մեծ խայտառակություն էր հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումը, որով առևտրի առարկայի վերածվեց Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Ղարաբաղը դարձավ սահմանը բացելու նախապայման։ Պրոֆեսիոնալ հայրենասերները, սակայն, այն ժամանակ լուռ էին, ավելի ճիշտ՝ չորս ոտքով ողջունում էին «Ֆուտբոլը»։

Ինչ վերաբերում է Խզմալյանի խոսքերին, ապա պետք է հստակություն մտցնել։ Ոմանք փորձում են այլ ուղղությամբ շեղել թեման՝ հայտարարելով, թե բա ի՞նչ սխալ բան կա իշխանություններին քննադատելու մեջ, և հետո ի՞նչ, որ դա արվել է ադրբեջանական լրատվամիջոցով։

«Ի՞նչ է, որ մենք Հայաստանում ենք քննադատում իշխանություններին, դա սխա՞լ է։ Չէ՞ որ նույն Ադրբեջանում կարող են մեր կայքերը բացել ու քննադատությունը տեսնել։ Հետևաբար, Տիգրանին «կեղտոտ լվացքը» դուրս հանելու մեջ չի կարելի մեղադրել»,– դեմագոգի ճարպկությամբ կամ անմեղսունակի անկեղծությամբ գրում են ոմանք։

Նախ հստակեցնենք, որ Տիգրան Խզմալյանը չի քննադատել իշխանություններին, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանին։ Նրա քննադատությունն ուղղված է Պուտինի, Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի հասարակության ու ընդդիմության, այսպես կոչված, օլիգարխների ու տարածքային բդեշխների դեմ, իսկ ահա ՀՀԿ ղեկավարին նա իրականում պաշտպանել է գեղամյանական ոճով, այն է՝ դիտարկել է Սարգսյանին՝ որպես չարյաց փոքրագույն։ «Գեբելսյան» քարոզչամեքենան 2008–ից հետո հենց այդ կոդերն է դրել շրջանառության մեջ։

Բացի այդ՝ խնդիրն այն է, որ Խզմալյանն ադրբեջանական լսարանին փոխանցել է «մեսիջ», ըստ որի՝ Ալիևի հմուտ կառավարման շնորհիվ Ադրբեջանը մասամբ է տուժում ռուսական ազդեցությունից, իսկ ահա Հայաստանն ամբողջությամբ կցված է Կրեմլին և այդ իսկ պատճառով թուլանում է։ Նկատենք, որ այս ձևակերպումներն ալիևյան վարչակազմի հիմնական քարոզչական մեխերն են։

Ասել, որ Խզմալյանը միամտաբար է ալիևյան գծի մեջ հայտնվել, առնվազն միամտություն է։

Խզմալյանը, ինչպես հայտնի է, «շուստրի հարիֆ» է, և միշտ բռնվում է։ Հիմա էլ է նույնը տեղի ունեցել։

Եվ այսպես, ցավով պետք է արձանագրել, որ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը մետաստազներ է տվել։

Ադրբեջանում Ալիևն իր կնոջ կրնկի տակ է, իսկ ահա մեր տնաբույծ «արևմտամետները»՝ Ալիևի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը