Մեկնաբանություն

18.05.2015 16:55


Լիսկան և «անկախ» մամուլը (տեսանյութ)

Լիսկան և «անկախ» մամուլը (տեսանյութ)

Սյունիքի մարզպետի բախտը չի բերել։ Ի տարբերություն «Պալաչի»՝ «անկախ» մամուլը չի սիրում իրեն։

Երկուսն էլ օդիոզ դեմքեր են, երկուսն էլ ընկնում են «օլիգարխ» հոդվածի տակ, երկուսն էլ մականուն ունեն և երկուսն էլ ՀՀԿ–ական են (ճիշտ է, «Պալաչին» օրերս հեռացրեցին ՀՀԿ–ից, բայց դա ձևական բնույթ է կրում, քանզի նա իր տեսակով ու մտածողությամբ ամբողջությամբ տեղավորվում է իշխանությունների պատկերացումներում)։ Բայց, արի ու տես, որ «Պալաչին» սիրում են, իսկ Լիսկային՝ ոչ։

Պատճառը շատ պարզ է։

«Անկախ» մամուլին Բաղրամյան 26–ից հրահանգված է սիրել «Պալաչին» և չսիրել Լիսկային։ Ընդ որում՝ սիրել–չսիրելու արմատը նույնն է, և այդ արմատը բացարձակապես կապ չունի օրինականության հետ։ Պարզապես ընթացիկ քաղաքական «մոմենտն» այնպիսին է, որ Բաղրամյան 26–ը տարբերակված մոտեցում է ցուցաբերում իր հավատարիմ զինվորների նկատմամբ։

Եթե հիշում եք, Սյունիքի մարզպետի տան բակում սպանվեց Բուդաղյան եղբայրներից մեկը, իսկ մյուսն էլ վիրավորվեց։ Դրանից հետո Լիսկան հրաժարվեց մարզպետի պաշտոնից։ Դեպքերը, սակայն, այլ զարգացում ստացան։

ՀՀ իրավապահ մարմինները մեղավոր հանեցին սպանվածին, իսկ Լիսկայի տան բակում տեղի ունեցածը որակվեց որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։

Սպանությունից ամիսներ անց Լիսկան վերանշանակվեց մարզպետի պաշտոնում։ Այդպիսով ՀՀԿ ղեկավարը ցույց տվեց, որ ինքն ամեն գնով պատրաստվում է սահմանադրական փոփոխություններին, և «մահապարտի» կարգավիճակ ունեցող լիսկաների հետ պայքարելու է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «եռյակի» դեմ։

Հիմա Գագիկ Ծառուկյանի գործոնը չեզոքացված է, «եռյակը» չկա, հետևաբար Մելիք–Ադամյան փողոցում արդեն այնքան էլ չեն զգում Լիսկայի կարիքը։ Հատկապես որ Լիսկայի հանդեպ «անհանդուրժողականություն» ցուցաբերելով՝ կարող են համատեղել հաճելին օգտակարի հետ, այն է՝ փողազրկել նրան ու դա հանրությանը մատուցել որպես հակաօլիգարխիկ պայքար։

Ինչ մնում է «Պալաչին», ապա սրան իշխանություններն օգտագործում են քաղաքական դաշտից հեռացած Ծառուկյանի դեմ՝ արդեն «մնացորդային» «էֆեկտով» ու իներցիայից ելնելով։

Այնպես որ, Սեյրան Սարոյանն իզուր թող չփրփրի, թե բա ինչ եք ուզում Սուրիկ Խաչատրյանից (տե՛ս կից տեսանյութը)։

Եթե Սեյրանին հետաքրքրում է, թե ինչու են Զարուհի Փոստանջյանն ու «անկախ» մամուլը բզկտում Լիսկային, ապա թող նա այդ հարցը տա իր ղեկավարին։

«Արժանապատիվ խոպանչուն» արդարացրած Սեյրանը շատ լավ գիտի, թե ինչն ինչոց է։ Այնպես որ, թող իզուր չդժգոհի Լիսկայի պահով «կինոյի միջի աղջկա» դերում վերանշանակված Զարուհի Փոստանջյանից։ Վերջինս պասիվացել էր փետրվարյան դեպքերից հետո (թեև տրամաբանորեն պետք է որ ակտիվանար, քանզի իր քննադատության թիրախն այլևս չէր զբաղեցնում ընդդիմադիր դաշտը, ինչպես էր բողոքում էին Զառան ու մյուս «թունդ ընդդիմադիրները»), սակայն հիմա անշառ թեմայով դրսևորվելու հնարավորություն է ստեղծվել։ Բայց դե Սեյրանն այս նրբություններից գլուխ չի հանում։ Դրա համար էլ կռիվ էր տալիս «կինոյի միջի աղջկա» հետ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը