Մեկնաբանություն

31.05.2015 10:35


Կրկեսի վերածված քաղաքական դաշտը

Կրկեսի վերածված քաղաքական դաշտը

Զարմանալի է, բայց փաստ. Գագիկ Ծառուկյանի հեռացումից հետո քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի։ Զարմանալի է այս փաստն այն առումով, որ Ծառուկյանը քաղաքականության մեջ, այսպես ասած, դասական տարբերակով չէր ներգրավված։

ԲՀԿ նախկին առաջնորդի հեռացումից հետո քաղաքական դաշտի դասական համարվող ուժերի ու գործիչների ճնշող մեծամասնությունը հայտնվեց որբի կարգավիճակում։

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո սկսվեց բրոունյան շարժում։ Հաճախորդները կորցրեցին իրենց նախկին պահանջվածությունը, «թունդ ընդդիմադիրները» բացահայտորեն գնացին գործարքի, «անկախ» մամուլի մի շարք միջոցներ սնանկ ճանաչվեցին, «անառակ որդիները» վերադարձան «հոր» գիրկը։ Մի խոսքով, ստացվեց 100–ամյակը ռեժիմի հետ...

Կրկեսի վերածված քաղաքական դաշտում ծաղրածուների դերակատարում ունեն ինչպես պայմանական իշխանության, այնպես էլ պայմանական ընդդիմության շատ ու շատ ներկայացուցիչներ։

Սկսվել է նաև թամաշաների շրջան։ «Քաղաքացիական», «անհնազանդական», «պահանջատիրական»...

Նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները նպատակ են հետապնդում մշտական գործող կրկեսի վերածել քաղաքական դաշն ու պետությունն ընդհանրապես։ Կրկեսի վերարտադրության համար ներդրվում են բոլոր ջանքերը։ Կստացվի՞, թե՞ ոչ, այլ քննարկման թեմա է։

Մեկ բան ակնհայտ է. կա՛մ քաղաքական կրկեսը կշարունակվի՝ պատճառ դառնալով ՀՀ–ի համար անդառնալի կորուստներով լեցուն զարգացումների, կա՛մ տեղի կունենան դրական փոփոխություններ կրկեսի կանոններով չգործող սուբյեկտների կողմից։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը