Մեկնաբանություն

14.06.2015 00:15


Մի քանի դիտարկում Շանթ Հարությունյանի որդու արարքի կապակցությամբ (տեսանյութ)

Մի քանի դիտարկում Շանթ Հարությունյանի որդու արարքի կապակցությամբ (տեսանյութ)

Հայաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ խաղադաշտ մտած Շանթ Հարությունյանի որդի Շահենն ամբողջ աշխարհի առաջ բարձրացրեց Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրը։

Թե որքանով արդյունավետ կլինի այդ քայլը, և կնպաստի այն արդյոք Շանթի ազատ արձակմանը, վաղ է ասելը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։

Մեկ բան Շահենին հաստատ հաջողվեց՝ բոլորը հիմա խոսում են նրա արարքի մասին։ Եթե նպատակը հենց դա էր, ապա նա խնդիրն ամբողջությամբ լուծել է։

Ինչ վերաբերում է Շահեն Հարությունյանի անսպասելի արարքի ոչ քաղաքական կողմին, ապա արժե մի քանի դիտարկում անել։

1.Շահեն Հարությունյանը շատ ավելի արագ է վազում և շատ ավելի լավ դրիբլինգ ունի, քան մեր ֆուտբոլի հավաքականի անդամներից շատերը։ Այնպես որ, հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը կարող է մտածել կադրային ռեզերվը թարմացնելու ուղղությամբ։ Շահենը հաստատ ավելի ուժեղ «ռիվոկ» արեց, քան ամբողջ խաղի ընթացքում, օրինակ, Գևորգ Ղազարյանը։

2.Ոստիկանության աշխատակիցների ֆիզպատրասությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Մի քանի հոգով ցուցարարի վրա հարձակվելու և քաշքշելու, կամ էլ՝ քաղմասում մարդ ծեծելու գործում նրանք լավ են, բայց վազել չգիտեն, քանի որ հաստափոր են։

Շահենն ամբողջ աշխարհի առաջ հիմար վիճակի մեջ դրեց մեր բարեփոխված ոստիկաններին։ Ու եթե նա ինքնուրույն չհանձնվեր, ապա ոստիկանների լեզուները կախ էին ընկնելու, թեև հանձնվելով էլ Շահենը ստիպեց կախել առնվազն վեց ոստիկանի լեզուները։

3.Ծիծաղելի վիճակի մեջ էին հայտնվել ոչ միայն վազքից թույլ ոստիկանները, այլ նաև հեռուստամեկնաբանը, ով համոզված պնդում էր, որ խաղադաշտ մտած մարդը Ռոնալդուի երկրպագու է։ Դրանով նա ցույց տվեց, որ առանց խորանալու՝ կարող է եզրակացություններ «շաղ տալ» հեռուստադիտողի գլխին։ Դե պատկերացրեք նրա մատուցած ռեպորտաժի որակը։

Այսքանը։

Ազատություն Շանթ Հարությունյանին։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Երբ պորտուգալացի Ռոնալդուն մեր հավաքականի դարպասն ուղարկեց երրորդ գոլը, դրանից հետո տրիբունաներում սկսեցին վանկարկել արգենտինացի Մեսսիի անունը։

Ենթատեքստը պարզ էր՝ «Դու մեզ գոլ խփեցիր, բայց դե, մենք Մեսիին ենք սիրում. դե գնա մեռի, ա՛յ թարախ»։

Ռոնալդուն, իհարկե, այդ ծանր հարվածին մի կերպ դիմացավ, բայց երևի նստվածքը մնաց։ Երկրպագուների ուզածն էլ, ամենայն հավանականությամբ, այդ նստվածքը թողնելն էր՝ ջհանդամ թե պարտվեցինք, ու կայուն հետնապահի դերում ենք։

Ինչ մնում է մեր հավաքականին, ապա Մեսսին, ավելի ճիշտ՝ Մեսսիի անվան բարձրաձայն հիշատակումը ոչ մի ձևով չօգնեց խուսափել պարտությունից։ Ու չէր էլ կարող օգնել։

Ի դեպ, Մեսսի գոռալու ժամանակ ենթագիտակցորեն երրորդ ուժին ապավինելու և դրսից տղա բերելու մենթալ պլանը դրսևորվեց ամբողջ «հմայքով»։

Փոխանակ գոռային Հենո ու Արազ, կամ էլ՝ Բերեզովսկի, որպեսզի վերջինիս «դուխ» տային բաց թողած երրորդ գնդակից հետո, հիշեցին իսպանական «Բարսելոնայի» հարձակվողին։

Սա էլ այսպես։

Այս խորագրի վերջին նյութերը