Տնտեսական

16.06.2015 15:12


Հայաստանին 8,55 մլն դոլար հատկացնելու դրամաշնորհը ՀԲ–ն հաստատել է

Հայաստանին 8,55 մլն դոլար հատկացնելու դրամաշնորհը ՀԲ–ն հաստատել է

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Այս նոր ծրագրի նպատակն է` պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է արդյո՞ք էլեկտրաէներգիայի արտադրության համար և եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։ Այս մասին տեղեկացնում են ՀԲ երևանյան գրասենյակից:

Կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Սյունիքի մարզի Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան ։ Ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ տեխնոլոգիաների, ինչպիսիք են` հողմայինը, արևայինը և հիդրոէներգետիկան, առևտրային մակարդակի երկրաջերմային ռեսուրսի առկայությունը բավականաչափ վստահությամբ անհնար է հաստատել առանց հետախուզական հորատման, ընդ որում, հորատումն անհրաժեշտ է կատարել այնպիսի խորություններով, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի յուրահատուկ պարամետրերը։

Կարկառ տեղամասի ընտրությունը հետախուզական հորատման համար պայմանավորված է եղել տեղական և միջազգային փորձագետների կողմից առավել խոստումնալից համարվող երկու հեռանկարային տեղամասերում կատարած ընդգրկուն դաշտային հետազոտության արդյունքներով։ Այդ տեղամասերում կատարած տեղանքի հետազոտության աշխատանքներն աջակցություն են ստացել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորված «Հայաստանի երկրաջերմային ծրագրի» շրջանակներում, որն ավարտվել է 2012թ.-ին։

«Ֆինանսավորելով հետախուզական հորատման աշխատանքները, որոնց շնորհիվ կարող է կյանքի կոչվել առաջին առևտրային նախագիծը, մենք այդպիսով կկարողանանք աջակցություն ցուցաբերել Հայաստանի այլ հեռանկարային երկրաջերմային տեղանքներում լրացուցիչ երկրաջերմային ռեսուրսների զարգացման համար տեղական կարողությունների կերտմանը։ Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայումս գնահատվում է մոտ 150 ՄՎտ»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին:

«Նմանատիպ ծրագիրը նաև կամրապնդի ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ և շահութաբեր ներդրումների հնարավորություն»։

Կարկառի երկրաջերմային ծրագրի Փուլ 1-ում Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրով (ՎԷԸԾ) հատկացվող միջոցները կառավարության կողմից կօգտագործվեն հետախուզական հորատման աշխատանքներն իրականացնելու համար, իսկ ռեսուրսի առկայությունը հաստատվելու պարագայում կգնահատվի Կարկառում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման իրագործելիությունը և օժանդակություն կցուցաբերվի երկրաջերմային էլեկտրաէներգիայի ծրագրի լիամասշտաբ իրականացման մեջ մասնավոր ներդրողների ներգրավմանը։

Կարկառի երկրաջերմային ծրագրի Փուլ 2-ը երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումն է։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Կարկառ տեղամասում գուցե հնարավոր լինի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցել։ 90-100 մլն ԱՄՆ դոլար նախահաշվային արժողությամբ այդ հնարավոր երկրաջերմային էլեկտրակայանը կարելի է կառուցել պետական և մասնավոր կապիտալի խառը մասնակցությամբ։ Բացի այդ, երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատմանը։

Համաշխարհային բանկի ծրագրի հանձնախմբի ղեկավար Արթուր Կոչնակյանը նշել է, որ. «Երկրաջերմային համարժեք ռեսուրսների առկայության հաստատման դեպքում երկրաջերմային էլեկտրակայանի ապագա կառուցումը կնպաստի էլեկտրաէներգիայի կանխատեսված պահանջարկի բավարարմանը և երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ամրապնդմանը։ Երկրաջերմային էլեկտրակայանի արտադրած էժան էլեկտրաէներգիան կարող է նպաստել անապահով բնակչության համար էլեկտրաէներգիայի մատչելիության պահպանմանը»։

Ծրագիրն իրականացնելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ), քանի որ այն ունի Բանկի ֆինանսավորած ծրագրերի իրագործման բավականաչափ կարողություններ և փորձ։ ՀՎԷԷՀ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է կառավարության կողմից 2005թ.-ին` Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացման և այդ ոլորտներում ներդրումների խթանման առաքելությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը