Աշխարհ

20.06.2015 10:16


Կամավորները շարունակում են սատկած կենդանիներ որոնել Թբիլիսիում

Կամավորները շարունակում են սատկած կենդանիներ որոնել Թբիլիսիում

Մի ամբողջ շաբաթ Թբիլիսիում որոնել են հունիսի 14–ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով գազանանոցից փախած կենդանիներին։ Որոշ կենդանիների հաջողվել է «տուն» վերադարձնել, որոշ գիշատիչների էլ ստիպված էին սպանել անվտանգության նկատառումներով։ Սատկած կենդանիների մարմինները շարունակում են ոչնչացվել հատուկ վայրում։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ ներկա դրությամբ՝ թաղված են 78 կենդանու մնացորդներ։

Ողբերգությամբ է ավարտվել հազվագյուտ վագր–ալբինոսի հայտնվելը, որը հարձակվել ու պատառոտել է մի տղամարդու։ Ագրեսիվ գիշատչին ստիպված էին սպանել։

Բացի գազանանոցից՝ ջրհեղեղից տուժել է շների մասնավոր ապաստարանը, որի վանդակներում նաև արջեր են եղել։ Ապաստարանն ամբողջությամբ հեղեղվել էր, կենդանիների մեծ մասը՝ սատկել։ Հունիսի 19–ին հայտնի դարձավ, որ այնտեղից գտնվել է չորս սատկած արջի մարմին։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ սատկած գազանների լեշեր են գտնվել նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու մերձակայքում։ Կամավորները գտել են աղվեսի, ջրարջի և այլ կենդանիների մարմիններ։

Թբիլիսյան գազանանոցը ստուգում է նաև այն տեղեկատվությունը, որ սատկած բորենու մարմինը Մառնեուլի շրջանում քշել տարել է Քուռ գետը։ Որոնողական աշխատանքների ժամանակ գնտվել է նաև վարազի կենդանի ձագ։

Նշվում է, որ աշխատանքներին մասնակցող կամավորներն իրավունք չունեն հեղեղված վայրերում շարունակել որոնումներն առանց ձեռնոցների, դիմակների, ռետինե ճտքավոր կոշիկների, ինչպես նաև կարճ թևերով վերնաշապկով ու կարճ շալվարով։ Բացի այդ, նրանք պարտավոր են հայտնել ստացած բոլոր քերծվածքների ու վերքերի մասին, քանի որ այդ դեպքում պետք է համապատասխան պատվաստում ստանան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը