Տնտեսական

02.07.2015 17:11


«Երևան Ջուրը» սակագնի բարձրացումից ակնկալում էր ավելի քան 400 մլն դրամ

«Երևան Ջուրը» սակագնի բարձրացումից ակնկալում էր ավելի քան 400 մլն դրամ

Ինչպես հայտնի է՝ ֆրանսիական Veolia Group-ի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված 10-ամյա Վարձակալության Պայմանագրով Երեւան Ջուր ՓԲԸ-ն պարտավոր է յուրաքանչուր տարի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները: 2015թ. փետրվարին 25-ին ընկերությունը քննարկման էր ներկայացել հերթական հայտը, որով առաջարկվում էր մասնավորապես բնակչությանը մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների գործող 170.256 դրամ/խմ սակագինը բարձրացնել 2,4 դրամով եւ սահմանել 172.633 դրամ/խմ 2015/2016թթ. համար: Դրա համար հիմք էր հանդիսացել 2014թ. հանրապետությունում գրանցված 3% սղաճը: Ընդ որում, ճշգրտված հաշվարկում ներառված չէր էլեկտրաէներգիայի սակագնի ակնկալվող բարձրացումը (իսկ ներառյալ այն պետք է կազմեր մոտ 6,162 դրամ): Սակայն գիտակցելով իր՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը եւ հաշվի առնելով ներկայումս հանրապետությունում ստեղծված սոցիալական ոչ դյուրին վիճակը, Երեւան Ջուր ՓԲԸ-ն իր հիմնադիր Veolia Group-ի համաձայնությամբ հնարավոր համարեց ս.թ. հուլիսի 7-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում չպնդել գործող սակագների բարձրացման անհրաժեշտությունը: Այսպիսով, վերը նշված հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո բնակչության համար սակագինը կմնա նախկինը՝ 170.256 դրամ/խմ-ի դիմաց: Կնշանակի, ընկերությունը, որ 2006թ. սկսել է աշխատել 172,8 դրամ/խմ սակագնով, 10 տարի անց՝ 2016թ. մայիսի 31-ին կավարտի իր գործունեությունը բացարձակ արտահայտությամբ սակագնի 2,544 դրամ նվազեցմամբ: Եվ դա այս տարիներին ապրանքների եւ ծառայությունների համատարած թանկացման, 53% կազմող սղաճի ու էլեկտրաէներգիայի սակագնի 20 դրամ բարձրացման պարագայում: Այսպիսի արդյունքով ոչ բոլոր հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են հպարտանալ: Սակագնի բարձրացումից ակնկալվող ավելի քան 400 մլն դրամը ընկերությունը մասամբ նախատեսում է փոխհատուցել համակարգում էլեկտրաէներգիայի հետագա տնտեսմամբ ու շահագործման ծախսերի նվազեցմամբ: Մնացած գումարով ծրագրված աշխատանքները կֆինանսավորվեն եկամուտների այլ աղբյուրներից: Սպառողը չի տուժի, բոլոր ներդրումային ծրագրերը կշարունակվեն: Երեւան Ջրի ֆինանսական վիճակը կայուն է: Սակագնի վայրիվերումները ընկերության համար այլեւս չունեն վճռորոշ նշանակություն: Ճիշտ մենեջմենթ, հստակ հաշվարկ, համակարգի օպտիմալացում, ռեսուրսների խնայողության վրա հիմնված տնտեսական քաղաքականություն. ահա ընկերության առաջընթացի հիմնական գործոնները: Անցած 9 տարիներին հաջողությամբ կատարվել են Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այսպես, համակարգում էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 81%-ով, ջրի արտադրությունը՝ 26%-ով, միեւնույն ժամանակ ջրամատակարարման տեւողությունը ավելացել է 5,8 ժամով, ջրի վաճառքը՝ 12,7 մլն մ3-ով, ներդրումների մասով պարտավորությունը գերազանցել է նախատեսվածը 3,7 մլրդ դրամով: 2014թ. վճարված հարկերի եւ վարձավճարի 2,5 մլրդ դրամ գումարով ընկերությունը դարձել է հանրապետության 50 խոշոր հարկատուներից մեկը: Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված Veolia Group-ի որոշումը մասնակցել Հայաստանում խմելու ջրի համակարգի միասնական կառավարիչ կազմակերպության մրցույթին՝ հաղթելու հաստատ վճռականությամբ: Միաժամանակ հարկ է նշել, որ վերջին տարիների շարունակական առաջընթացը զգալիորեն արդյունք է նաեւ բաժանորդների օրինապահության ու բարեխղճության, սպառած ջրի դիմաց կանոնավոր վճարումների ու ընկերության հետ համագործակցության: Բավական է ասել, որ 2015թ. հունիսի տվյալներով բնակիչների կողմից վճարումները կազմել են հասույթի շուրջ 90%-ը: Հաջողությամբ ավարտվում է ջրաչափերի տեղադրման գործընթացը, ջրագծերի կառուցումը ընկերության տրամադրած տեխնիկական պայմաններով դարձել է նորմա, նվազել են ապօրինությունները: Այս պայմաններում Երեւան Ջուր ՓԲԸ սակագնի ճշգրտված հաշվարկի քննարկումը համարում է բնակիչ-բաժանորդների այսօրինակ վարքը խրախուսելու հնարավորություն եւ խնդրում է սակագներն անփոփոխ թողնելու իր պատրաստակամությունը դիտարկել որպես պատասխան շնորհակալական քայլ:

Երեւան Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը