Մեկնաբանություն

11.07.2015 00:05


Գեղցու «արևմտամետն» է լավը

Գեղցու «արևմտամետն» է լավը

Հայաստանում հիմա ով զուգարանից վեր է կենում, անմիջապես ինքնահռչակվում է «արևմտամետ»։ Ենթադրվում է, որ դա եկամտաբեր բիզնես է։ Տվյալ դեպքում գործում է առաջարկ–պահանջարկի մեխանիզմը։ Շուկայական օրենք է՝ որքան եկամտաբերությունը շատ, այնքան մարդիկ հոսում են այդ ուղղությամբ։ Մի պահ կգա,երբ բիզնեսը «կլռվի», բայց մենք դեռ այդ պահին չենք հասել, ու «արևմտամետները» վխտում են ամենուրեք՝ Բաղրամյան 26–ի ցածր հովանու ներքո։

Ուշագրավն այն է, որ «արևմտամետների» մեջ ահագին գեղցիներ կան։ Խոսքս քաղաքական ու «քաղաքացիական» դաշտի գեղցիների մասին է։

Գեղցի ասելով նկատի չունեմ ծննդավայրը, թեև «արևմտամետների» մեջ քիչ չեն թրիքը նոր–նոր վրաներից թափվածները։

Գեղցին արժեհամակարգ է, մտածողություն և կենցաղ։ Ու կապ չունի, թե որ «պասպորտ սեղանում» են տվել նրա կապույտ անձնագիրը կամ IDն։

Մեր տնաբույծ «արևմտամետների» մոտ ամեն ինչ խառն է։ Սրանք «արևմտամետությունը» նույնացնում են ԵՄ ասոցացման համաձայնագրին կողմ արտահայտվելու հետ։ Այնինչ ԵՄ հետ ասոցացման հարցը ոչ թե արժեքային, այլ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հարթության մեջ է գտնվում։

Հայ «արևմտամետը» Արտաշես Գեղամյանի մյուս տեսակն է՝ ճղճղան, դատարկ ու հետույքը դրսին՝ Արևմուտքին դեմ տված։

Հիմա սկսել են «ռասկրուտկա անել» այն թեման, թե իշխանություններն արևմտամետ նոր ուժ են ուզում ձևավորել, որպեսզի Պուտինին քծնող Զորի Գայկովիչի ու Գեղամյանի պես մեկն էլ Օբամայի թաթիկները լպստի։ Դա կոչվում է «և՛, և՛»–ի քաղաքականությունը գործողության մեջ։

«Ռուսամետ» դհոլների կողքն ուզում են «արևմտամետների» զուռնան դնել, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի։

ՀՀԿ ղեկավարին այս «բարդ» «ռասկլադում» վերապահված է «արևմտամետ» և «ռուսամետ» գեղամյանների արանքում հոսանքի և մյուս բաների գինը թանկացնելն ու Սաշիկի օգնությամբ վարորդներին շարժական սարքերի միջոցով բերման ենթարկելը։

Այս պատմության մեջ դժվար է ասել, թե ովքեր են ավելի ճղճիմ գործառույթ կատարում՝ «արևմտամետնե՞րը», թե՞ «ռուսամետները»։ Երկուսն էլ իրար արժեն։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը