Աշխարհ

15.07.2015 11:32


Ադրբեջանի 3 քաղաքացիները վիրավորվել էին փամփուշտի պայթյունից, ոչ թե հայկական զինուժի գնդակից

Ադրբեջանի 3 քաղաքացիները վիրավորվել էին փամփուշտի պայթյունից, ոչ թե հայկական զինուժի գնդակից

Հուլիսի 14-ին Ադրբեջանի սահմանակից Թովուզի շրջանում խոշոր տրամաչափի փամփուշտի պայթյունից վիրավորվել է 3 մարդ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Oxu.Az» լրատվական կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Այս մասին հայտնում է «razm.info»–ն։

Խոշոր տրամաչափի փամփուշտը, որի պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու մանկահասակ երեխաներ ու 44-ամյա մի կին, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է շրջանի բնակիչներից մեկը: Վիրավորները հոսպիտալացվել են:

Չնայած դրան՝ նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություններ, համաձայն որոնց՝ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, ինչի հետևանքով» կա 3 վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում։

Այս տեղեկությանը հաջորդել էր Զաքիր Հասանովի՝ ադրբեջանական բանակին տրված հատուկ հանձնարարությունը, որի մասին հայտնում էր ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Ըստ «ԱՊԱ-ի»՝ Հասանովի հրամանում ասվում է, որ «եթե հայկական զինուժի ստորաբաժանումները շարունակեն ադրբեջանական բնակավայրերի գնդակոծումը», ապա Ադրբեջանի բանակը կկիրառի իր տրամադրության տակ եղած խոշոր զինատեսակները՝ այդ ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ կրակ բացելու նպատակով։

Հայկական կողմից իրադարձություններին արձագանքել են ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իսկ ավելի ուշ՝ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը՝ հերքելով ադրբեջանական գյուղերի գնդակոծության մասին լուրերն ու դրանք որակելով սադրանք:

Այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան էլ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որ ադրբեջանական կողմը սկսել է ակտիվորեն կրակել առաջնագծում, իսկ հարավային ուղղության վրա կիրառել է նաև 60 մմ տրամաչափի ականանետային կրակ:

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը