Աշխարհ

17.07.2015 16:33


Չինաստանում 3–ամյա աղջկան 3D տպիչով տպագրված գանգոսկր են փոխպատվաստել (լուսանկար)

Չինաստանում 3–ամյա աղջկան 3D տպիչով տպագրված գանգոսկր են փոխպատվաստել (լուսանկար)

Չինացի բժիշկները բացառիկ վիրահատություն են կատարել։ Նրանք փրկել են 3–ամյա Հան Հանի կյանքը, ով տառապում էր հիդրոցեֆալիա հազվագյուտ հիվանդությամբ։ Այդ հիվանդության պատճառով ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունները մեծանում են։

«Medical Daily»–ն հայտնում է, որ բժիշկները 3D տպիչով աղջկա համար նոր գանգ են տպել, ում ուղեղը նորմայից 4 անգամ ավելի էր մեծացել, և ում գլուխը մարմնի զանգվածի կեսից ավելին էր կազմում, իսկ ոսկորներն այնքան էին բարակել, որ կարող էին ճաքել։

Աղջկա հորը, ով միայնակ է մեծացնում փոքրիկին, հաջողվել է հավաքել բարդագույն վիրահատության համար անհրաժեշտ 80 հազար դոլարը։

Բժիշկները 3D տեխնոլոգիայով տիտանե երեք ցանց են մոդելավորել և դրանցով փոխել Հան Հանի գանգոսկրը։ Նրա գլխից հեղուկը հեռացնելու վիրահատությունը տևել է 17 ժամ։

Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել. աղջիկը բացել է աչքերը և սկսել ինքնուրույն շնչել։ Բժիշկների խոսքով՝ աղջկա մեծանալուն զուգընթաց՝ տիտանե ցանցերը կծածկվեն սեփական ոսկրային հյուսվածքներով։ Նրանք կարծում են, որ Հան Հանը լիակատար առողջանալու բոլոր հնարավորություններն ունի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը