Լրահոս

23.09.2010 11:33


ՊԵԿ-ն ակտիվացրել է ստուգայցերը ավտոճանապարհներին

Այս շրջանում, երբ ակտիվանում են ապօրինի անտառահատման դեպքերը, հարկային մարմինները ևս ակտիվացրել և խստացրել են հսկողությունը:

Իջևան-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներում Իջևանի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները վերահսկողություն են սահմանել բոլոր տրասպորտային միջոցների նկատմամբ: Ստուգայցերի արդյունքում, սեպտեմբերի 6-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում, հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքեր:

Այսպես, արձանագրվել է շուրջ 105քմ մանրատախտակի տեղափոխման դեպք. ապօրինի ձեռնարկատերը Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Նորայր Ղազարյանն է:

Ազատամուտից և Վազաշենից փորձել են փայտածուխ տեղափոխել բնակիչներ Մհեր Մելքումյանը և Սուրեն Սահակյանը. խոսքն ընդհանուր առմամբ 100 պարկ փայտածուխի մասին է:

Ավելի մեծ թիվ են կազմել վառելափայտի ապօրինի տեղափոխման դեպքերը: Իջևանի հարկային տեսչության աշխատակիցները միանգամից այդպիսի չորս դեպք են բացահայտել. շուրջ 52խմ վառելափայտ են փորձել տեղափոխել Գանձաքարի բնակիչներ Դավիթ Էվինյանն ու Յուրա Ներկարարյանը, Դիլիջանից' Խաժակ Օթարյանը և Սևքարից' Համլետ Բաղդասարյանը: Ապօրինի տեղափոխվող վառելափայտի ընդհանուր արժողությունը մոտ կես միլիոն դրամ է կազմել:

Այսպիսով, բացի նշված դեպքերից, Իջևանի տարածքային հարկային տեսչության ստուգայցերի արդյունքում այս փուլում հարկային դաշտ է բերվել ևս 14 տնտեսվարող սուբյեկտ, ովքեր ստացել են պետական գրանցում և ձևակերպվել որպես անհատ ձեռնարկատերեր:

Իջևանի տարածքային հարկային տեսչության ստուգայցերն ու ուսումնասիրությունները շարունակվում են:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը