Տնտեսական

05.08.2015 14:50


Ա. Հարությունյան. «Ղեկավարությունը չկանխեց այն, ինչ Տիգրան Սարգսյանն անում էր «Նաիրիտի» հետ»

Ա. Հարությունյան. «Ղեկավարությունը չկանխեց այն, ինչ Տիգրան Սարգսյանն անում էր «Նաիրիտի» հետ»

Քիմիական ոլորտի մասնագետներին իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն առաջարկում: Նրանց մեծ մասը կարող է արտագաղթել։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

–Նաիրիտցիների դեմքին վերջապես ժպիտ է հայտնվել։ Աշխատավարձերի պարտքերի մարումը մեր համախմբվածության և համառության դրսևորումն էր։ Կառավարությունը, ճիշտ է, լուծեց աշխատավարձերի խնդիրը, բայց ղեկավարությունը, որը նախկինում Ազգային ժողովում էր, կարող էր ինչ-որ ձևով կանխել այն, ինչ Տիգրան Սարգսյանն անում էր «Նաիրիտի» հետ: Կարող էին միջամտել, ոչինչ չարեցին,–ասել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ գործարանի վերագործարկման համար նաիրիտցիների պայքարը շարունակվելու է, և պայքարի նոր փուլը կսկսվի սեպտեմբերի կեսերից, երբ, ինչպես ավելի վաղ ասել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, տեղի կունենան «Նաիրիտ»-ի հարցով լսումներ։

Անդրադառնալով աշխատավարձի չվճարման պատճառով կուտակված տույժ–տուգանքներից հրաժարվելու հարցին՝ Հարությունյանը նշել է, որ իրականում գործընթացը ստիպողաբար է եղել. ոչ ոք չի ցանկացել ստորագրել:

–Մեզ ստիպեցին ստորագրել պայմանագրեր «Նաիրիտ 2»-ի հետ, որ մենք մեր տույժ-տուգանքները ստանալու իրավունքը փոխանցում ենք «Նաիրիտ 2»–ին։ Սա ես գնահատել եմ շանտաժ պետության կողմից, և քանի որ արդեն ավարտվել է սոցիալական խնդիրը՝ աշխատավարձի ստացումը, մենք իրավաբանների հետ կզրուցենք, կդիմենք դատարան, դատախազություն ոչ թե տույժ ու տուգանքները վերադարձնելու, այլ շանտաժի մասով։ Շանտաժով ստիպել մեզ՝ ասելով, թե աշխատավարձերը չենք տա, եթե չստորագրեք այդ պայմանագիրը, ես անբարոյականություն եմ համարում,–եզրափակել է նախկին խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը