Մեկնաբանություն

12.08.2015 12:00


Գերտերությունների գերախմախությունները

Գերտերությունների գերախմախությունները

Գերտերություններն ունեն առավելություն մյուսների նկատմամբ։ Այդ առավելությունը նախ և առաջ վերաբերում է ռազմական հզորությանը։

Գերտերություններն ունեն նաև թերություններ փոքր համակարգերի համեմատ։ Դրանք շատ ավելի դժվար է կառավարելը։ Գերտերությունները դոդոշոտ են ու դանդաղկոտ։ Որոշումները դժվարությամբ են կայացնում, չունեն ճկունություն և «կացնային» քաղաքականություն են վարում։

Դիտարկենք ատոմային տերություններ ԱՄՆ–ի ու Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանում և կհամոզվենք, որ գործ ունենք հսկա ախմախների հետ։

Սաքունցը և իշխանափոխությունը

Ամերիկացիները Հայաստանում սիրում են աշխատել այն շրջանակների հետ, որոնք, այսպես կոչված, արևմտամետ են (արևմտամետության հիմնական չափորոշիչ է համարվում Պուտինին օրական մի քանի անգամ հայհոյելը)։ Բայց դե, մենք հո գիտենք, թե ով է արևմտամետ, իսկ ով՝ Բաղրամյան 26–ի տակ մտած մանր ժուլիկ։

Ամերիկացիների չոքերը թուլանում են, երբ մեկը սկսում է հայհոյել ՌԴ–ին ու անձամբ Պուտինին։ Իսկ երբ թուլանում են չոքերը, բացվում են նրանց դրամապանակները։

Ամերիկացիների և ամբողջ Արևմուտքի գլխավոր «պռավալը» Հայաստանի «եվրաասոցոցման» գործընթացն էր։ Սրանք աջակցեցին ընտրակեղծիքներին ու «քցեցին» հայ ժողովրդին՝ քստմնելի գործարք կնքելով Սերժ Սարգսյանի հետ։ Վերջում, բնականաբար, «քաշվեցին», քանզի «թռչնակը» թռավ ձեռքներից՝ հայտնվելով Մաքսային միությունում։ Դե, իսկ արևմտամետ կոչված գրանտակերները ծպտուն չհանեցին ՀՀԿ ղեկավարի դեմ ու գոնե մի հարյուր հոգանոց ցույց չարեցին։

Որոշ գրանտակերներ ցույց տվեցին, որ իրենք նախ և առաջ իշխանության հաճախորդներն են, ապա նոր միայն «արևմտամետներ»։ Նրանք նաև ցույց տվեցին, որ «արևմտամետությունն» իրենց համար բիզնես է։

Ամերիկացի դիվանագետների ախմախությունը երևաց նաև Արթուր Սաքունցին ուղղված նամակի բովանդակությունից։ Եթե այդ նամակն իրոք գրվել է, և իշխանափոխության հարցում ամերիկացիների հույսն իրոք Սաքունցն է, ապա ամերիկացի «ռազմագետները» գերախմախներ են, և քամուն են տալիս ամերիկյան հարկատուների փողերը։ Սաքունցն՝ ուր, իշխանափոխությունն՝ ուր։ Եթե նա պետք է իշխանափոխությու անի Հայաստանում ու մեր երկիրը տանի ԱՄՆ–ի գիրկը, ապա ռուսները կարող են հանգիստ օղի խմել։

Ռուսական ախմախության առանձնահատկությունները

Նույն գերախմախությամբ տառապում են նաև Մոսկվայում։

Եթե ռուսական քաղաքական վերնախավում կարծում են, որ Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբներ բացելով, Արտաշես Գեղամյանի պես օդիոզ մարդկանց հետ համագործակցելով, Կիսելյովի պես «կացնային» լրագրողներին Հայաստան գործուղելով ու ոմն Անդրանիկ Նիկողոսյանի պես էպատաժային դեմքերի միջոցով քարոզ տանելով կարողանալու են ՀՀ–ում ռուսական գիծը պահել, ապա կատարյալ ախմախներ են։

ՌԴ դեսպանատունը պետք է փակել, եթե այս մասին չի հաղորդվում Կրեմլ, իսկ եթե հաղորդվում է, բայց չեն լսում, դա արդեն պաթոլոգիա է։

Եթե ՀՀ–ում ՌԴ դեսպան Վոլինկինը չի փորձում հասկանալ, թե ինչու և ինչպես են վատանում հայ–ռուսական հարաբերությունները, և ովքեր են արհեստականորեն հակառուսական հիստերիա բարձրացնում, ապա նա կա՛մ կաշառված է, կա՛մ անմեղսունակ։

«Եվ, և»–ն ու քաղաքական բոմժությունը

Գերտերությունները ներկայացնող չինովնիկների կատարյալ ախմախության շնորհիվ է Սերժ Սարգսյանին հաջողվում օրվա մի մասը ամերիկամետ խաղալ (երբ ՌԴ–ում մութն ընկած է լինում), իսկ մյուս մասը (երբ գիշեր է ԱՄՆ–ում)՝ ռուսամետ։

ՀՀԿ ղեկավարն աճուրդի է հանում ՀՀ անկախությունը, և գերտերությունները կարծում են, թե իրենք կարող են դառնալ այդ անկախության գնորդները՝ ախմախագույն ծրագրեր մտածելով։

Վտանգավորն այս պատմության մեջ այն է, որ գերտերությունները երբ գլխի են ընկնում, որ իրենց խաբել են, պատժում են ու նվաստացնում։ Դրանից տուժում են այն փոքր երկրները, որոնց ղեկավարները թափառաշրջիկային ու «շուստրի» արտաքին քաղաքականություն են որդեգրած լինում։ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» հենց այդպիսին է։ Արդյունքում՝ մեզ հիմա չեն հարգում Արևմուտքում և չեն վստահում Մոսկվայում։

Բայց դե, գերտերություններն էլ իրենց մեղքն ունեն այս պատմության մեջ։ Ռուսաստանը չի հասկանում, որ Սերժ Սարգսյանը հայկական Յանուկովիչն է (ոչինչ, մի օր կհասկանա), իսկ Արևմուտքում հույս ունեն, որ կարելի է նույն Սերժ Սարգսյանից հայկական Սահակաշվիլի ստանալ և օգտագործել Ռուսաստանի դեմ («եվրաասոցացումը» սրանց, փաստորեն, դաս չեղավ)։

Գերախմախ չինովնիկներ կան բոլոր գերտերություններում. հո զոռո՞վ չի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը