Մեկնաբանություն

19.08.2015 23:23


Առաջարկներ ոչ մի բանի մասին

Առաջարկներ ոչ մի բանի մասին

Քանի որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերը որեւէ կերպ չեն ցանկանում մտնել բովանդակային քննարկումների մեջ, ըստ այդմ՝ նախագծի վերաբերյալ ոչ մի առաջարկ չեն ներկայացնում, իշխանությունը որոշել է ինքն իրեն առաջարկություններ ներկայացնել:

Ավելի զավեշտական բան հնարավոր չէր պատկերացնել: Բայց պատկերացրեք, որ ՀՀԿ-ականները առաջարկներ են ներկայացրել նոր Սահմանադրությունը «կատարելագործելու» համար: Ինչն այլ բան չի նշանակում, քան հանրության շրջանում պատրանք ստեղծել, թե սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ կա եւ ահա՝ քաղաքական դաշտը լրջորեն քննարկում է նախագիծը:

Սակայն, կհարցնեք, թե այդ ի՞նչ առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավորները: Մի՞թե առյուծի կաթ են խմել, որ որոշել են իրենց առաջարկություններով «սխալ հանել» Սերժ Սարգսյանին եւ նրա հեղինակային «կոնցեպտը» շարադրած Գագիկ Հարությունյանին:

Եթե այդպես լիներ, ա՛յ, դա իսկապես կլիներ ֆանտաստիկա: Բնականաբար, «Վերջի բոլշեւիկի» դեմ ՀՀԿ–ականներից ոչ ոք չի կարող ծպտալ, ու հիմա պարզապես առաջարկներ ներկայացնելու մասին թատրոնի ականատեսն ենք:

Իշխանության ներկայացուցիչների առաջարկները ամենեւին չեն վերաբերում կառավարման մոդելին, խորհրդարանական կայուն մեծամասնության ձեւավորման կամ բուտաֆորային նախագահի ինստիտուտին: Սրանք հաստատված եւ անբեկանելի դրույթներ են: Սրանցից դուրս՝ որքան անկապ ու անիմաստ առաջարկ ուզում ես ներկայացրու, ինչն էլ արել են ՀՀԿ-ական պատգամավորները:

Յուրաքանչյուրը մի 20-30 առաջարկ է ներկայացրել: Բոլորը խմբագրական-սրբագրական բնույթի: Կետ, ստորակետ, վերջակետ, բութ եւ այլ կետադրական նշանները այստեղից տանել այնտեղ: Սրա՛նք են իշխանական պատգամավորների ներկայացրած առաջարկները: Կարծես, Գագիկ Հարությունյանի հանձնաժողովը խմբագիր ու սրբագրիչ չունի:

Թեպետ, շատ «սկզբունքային» առաջարկներ էլ կան, ինչպես, օրինակ, Արտակ Զաքարյանի առաջարկը, ով առաջարկում է պատգամավորի տարիքային ցենզը բարձրացնել, քանի որ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու դեպքում ավելի հասուն գործիչներ են պետք, քան 25 տարեկանն է: Կամ՝ Խոսրով Հարությունյանի «սկզբունքային» առաջարկը, ով կարծում է, որ ԱԺ ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ պետք է հստակ ժամկետ սահմանվի՝ երկու շաբաթ: Սա այն դեպքում, երբ Վենետիկի հանձնաժողովը անմտություն է համարել երկրորդ փուլը:

Խոսրով Հարությունյանի 30 առաջարկներից մեկն էլ այն է, որ ցանկալի է «հիմք» բառը փոխել «աղբյուր» բառով: Ահա՛ այսպիսի «կատարելագործող» առաջարկներ:

Համաձայնեք, որ մանկապարտեզային մակարդակի ներկայացում է, երբ երեխաներն առանց դաստիերակի իմացության եւ թույլտվության ոչ մի ավելորդ բան չեն կարող անել բեմում:

Բայց ո՞ւմ համար են բեմադրել այս ամենը, երբ իրենք էլ գիտեն, որ ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ուրեմն՝ էդ նախագծի «կատարելագործելը» ո՞րն է: Ցմահ իշխելու դրույթները կատարելության հասցնե՞լը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը