Մեկնաբանություն

04.09.2015 10:25


Ոչ սիրային եռանկյունի Անդրկովկասում

Ոչ սիրային եռանկյունի Անդրկովկասում

Սերժ Սարգսյանի «արևմտամետ» արտաքին քաղաքականությունը Հայաստանին վասալային կախվածության մեջ դրեց Ռուսաստանից։ Իսկ վասալների հետ չեն համագործակցում և ռազմավարական հարաբերություններ չեն հաստատում։ Վասալներին օգտագործում են, ինչն էլ այժմ փորձում է անել Կրեմլը՝ Բաքվի հետ իր հարաբերությունները հստակեցնելու նպատակով։

Երկու տարի առաջ «եվրաասոցացվող» ՀՀԿ ղեկավարն այնպիսի արագությամբ մտավ Մաքսային միություն, որ զարմացրեց անգամ ռուսներին։ Մինչդեռ Հայաստանի շահերից բխում էր հավասարակշռված կամ կոմպլեմենտար քաղաքականության իրականացումը, ինչը նշանակում էր ԵՏՄ–ից ու եվրաասոցացումից հավասար հեռավորության պահպանում՝ ՌԴ–ի հետ ռազմական համագործակցության գերակայությամբ։ Սարգսյանը գնաց լրիվ այլ ճանապարհով, ինչի արդյունքում Մոսկվան ռազմավարական հարաբերություններ հաստատեց Բաքվի հետ։

Հիմա բախտներս բերել է, որ Ալիևը ախմախություններ թույլ տվեց Արևմուտքի հետ հարաբերություններում ու լուրջ լարվածություն առաջացրեց։ Այլապես նա բոլոր հնարավորություններն ուներ որակապես այլ մակարդակի գործընկեր դառնալու ինչպես ՌԴ–ի, այնպես էլ Արևմուտքի հետ՝ ի տարբերություն Հայաստանի, որի՝ երկու տարի առաջ կայացրած որոշման համար մեզ չեն հարգում Արևմուտքում և չեն վստահում ՌԴ–ում։

Ալիևը չօգտվեց իր ունեցած հնարավորություններից ու այժմ փորձում է Արևմուտքի ուղղությամբ ձախողումը կոմպենսացնել ՌԴ–ի հետ մերձեցմամբ։ Վերջինս էլ իր հերթին է ուզում օգտվել իրավիճակից ու Բաքվին բերել իր տիրույթ։ Դե, իսկ պաշտոնական Երևանը պասիվ դիտորդի կարգավիճակով հետևում է Մոսկվա–Բաքու շփումներին։

Երբ 2013–ի սեպտեմբերի 3–ին հայտարարվեց, որ հանուն Ղարաբաղի անվտանգության ՀՀ–ն մտավ ՄՄ, արդեն իսկ պարզ էր, որ մեր անվտանգության համակարգը տուժելու է, քանզի ամեն պետություն նախ և առաջ ինքն է իր անվտանգության երաշխավորը, իսկ դրսում պետք է դաշնակիցներ, այլ ոչ թե «պապաներ» փնտրել։ Սարգսյանը «պապա» փնտրելու նպատակով հայտնվեց Կրեմլի մատույցներում՝ Հայաստանը սկուտեղի վրա մատուցելով։ Ու հիմա «արևմտամետները» թող կեղծ թիրախներ չմատուցեն հանրությանը, թե բա՝ տեսեք՝ մեզ ծախում է մեր դաշնակիցը։

Դրսերում «պապա» փնտրողներն ու «արևմտամետներն» են և՛ սահմանային լարվածության աճի, և՛ մեր կորուստների, և՛ Հայաստանի թուլացման, և՛ Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունների լավացման, և՛ Հայաստան–Արևմուտք հարաբերությունների անլրջացման մեղավորները։

Այնպես որ, ամեն ինչ պետք է իր տեղը դնել և առանձնացնել կոտլետները ճանճերից։ Միջպետական հարաբերությունները չպետք է կառուցել սիրո կամ հպատակության սկզբունքով։ Միայն սեփական «ես»–ն ունեցող պետություններին են հարգում և վստահում։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը