Աշխարհ

04.09.2015 10:39


Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով «գրոհել են» Փարիզը (տեսանյութ)

Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով «գրոհել են» Փարիզը (տեսանյութ)

Ֆրանսիայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 1,5 հազ տրակտոր. գյուղատնտեսները բողոքում են մեծ ծախսերից և գների աճից։ Այս մասին գրում է «The Guardian»–ը։

Ֆերմերները մտադիր են հասնել Ազգի հրապարակ, որտեղ բողոքի ցույց կիրականացնեն։ Գյուղատնտեսները դժգոհ են, որ իշխանությունները չեն կարողանում հաղթահարել գյուղատնտեսության ոլորտի ճգնաժամը. մի քանի շրջաններում տնտեսությունների մոտ 20%-ը սնանկության եզրին է։

Բողոքարարները պահանջում են զգալիորեն նվազեցնել հարկերը, սոցիալական պահումները, բարձրացնել գնման գները, չեղարկել էկոլոգիայի որոշ նորմեր, որոնք հանգեցնում են իրենց արտադրանքի թանկացման։ Բացի այդ, նրանք անբավարար են համարում հուլիսին կառավարության հայտարարած արտակարգ օգնության ծրագիրը՝ պահանջելով սուբսիդիաների ավելացում և ձեռնարկված միջոցառումների երկարաձգում:

Նշվում է, որ թեև տրակտորները մեծապես դժվարացրել են շարժը մայրաքաղաք տանող 6 ավտոմայրուղիներում, այդուհանդերձ, 1,5 հազ գյուղտեխնիկայի ներկայությունը քաոս չի առաջացրել. բնակիչները նախապես իմացել են միջոցառման մասին և օգտվել հանրային տրանսպորտից։

Ֆերմերների ակցիան դարձել է գյուղատնտեսների և իշխանության միջև ամիսներ առաջ ծագած հակամարտության բարձրակետը։

Հուլիսին կառավարությունը 600 մլն եվրո արժողությամբ արտակարգ փաթեթ էր մշակել հարկային բեռը թեթևացնելու համար, սակայն այդ գումարը չէր գոհացրել գյուղատնտեսներին։

Երկրի վարչապետ Մանուել Վալսը խոստացել է մեծացնել օգնության փաթեթը ևս 85 մլն եվրոյով, պարտքերի մարման մորաթորիում կիրառել և կրճատել գյուղատնտեսությունների սոցիալական ծախսերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը