Մեկնաբանություն

06.09.2015 11:10


Սերժ Սարգսյանի ֆոբիաներն ու բարդույթները

Սերժ Սարգսյանի ֆոբիաներն ու բարդույթները

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանին գրեթե ոչինչ չէր խանգարում՝ ընդամենը մեկ փոփոխություն կատարելու գործող Սահմանադրության մեջ (վերացնելու կամ խմբագրելու 50–րդ հոդվածը) և փորձելու պահել իշխանությունը կիսանախագահական մոդելի շրջանակներում։

Թվում է, թե Սերժ Սարգսյանն իրեն այժմ ուժեղ է զգում, քանզի գնել է համարյա ամբողջ քաղաքական դաշտը, սեփականաշնորհել է «քաղաքացիական ակտիվիստ» աշխատող ջահելների մեծ մասին, տնօրինում է լրատվական դատի 95 տոկոսը, ուժային կառույցներն իր ձեռքում են, կրիմինալի հետ ունի փայլուն հարաբերություններ, բիզնես դաշտի ֆինանսական հոսքերի վերահսկողության առումով հասել է հսկայական նվաճումների, բայց պարզվում է՝ կան ֆոբիաներ և բարդույթներ։

Թվում է, թե Սարգսյանը պետք է իրեն ազատ զգար, ու առանց ձևականությունների հետևից ընկնելու՝ ընդամենը վերացներ սահմանադրորեն ամրագրված ժամկեետային սահմանափակումը և վերջ։ Սակայն նա գնաց մոդելի փոփոխության՝ ըստ էության խնդիր դնելով կեղծվելիք հանրաքվեից ու կեղծվելիք ԱԺ ընտրություններից հետո գործնականում վերացնել ընտրական ինստիտուտը։

Եթե Սարգսյանը գնում է մոդելային փոփոխության, նշանակում է՝ լուրջ մտավախություն ունի։

Նրա մտավախությունն ընտրական գործընթացից է։ Հատկապես նախագահական ընտրությունները նրա համար մղձավանջային են։

«Վերջի բոլշևիկն» առաջին անգամ շատ ծանր գնով հայնտվեց Բաղրամյան 26–ում (2008թ. մարտի 1):

2013–ի նախագահական ընտրությունները 2008–ի հակապատկերն էին քաղաքական մթնոլորտի առումով։ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի մրցակցություն չլինի, ու ինքը շրջապատված լինի պարույրհայրիկյանատիպ «ֆեյք» թեկնածուներով։ Ու չնայած «ֆեյք» թեկնածուների առկայությանն ու «խախանդ» ընտրարշավին՝ փողոցում մարդկանց բարևող, քաղաքական որևէ տեքստ չարտասանող ու պատահական վարսավիրանոցում մազերը կտրելու միջոցով «փիառվող» Րաֆֆի Հովհաննիսյանը դե ֆակտո հաղթեց ՀՀԿ ղեկավարին և որոշակի չափով լարվածություն առաջացրեց հետընտրական փուլում։

Սարգսյանն ու իր երիտշրջապատը համոզված էին, որ առանց լուրջ մրցակիցների՝ իրենք կարողանալու էին ինչքան ուզել՝ այնքան խփել, բայց չստացվեց։

Սարգսյանը հասկացավ, որ անգամ «ֆեյք» թեկնածուներով շրջապատված լինելու դեպքում հանրահռչակ խիարը կարող է թարս բուսնել։

Նա նաև հասկացավ, թե ինչ աստիճանի է ինքն անընդունելի հանրության կողմից, որ անգամ «էպոսագետը» կարող է լուրջ մրցակցություն ստեղծել։ Ասել է թե՝ հանրությունն անգամ «պոլի փետին» կարող է ձայն տալ Սարգսյանից ազատվելու համար։

Րաֆֆի Հովհաննիսյանին պարտվելուց հետո Սարգսյանի բարդույթները խորացան, ու նա վերջնականապես փակվեց և մեկուսացավ հանրությունից։

Ահա այդ ամենից ելնելով էլ Սարգսյանը որոշել է ընդհանրապես վերացնել նախագահական ընտրովի ինստիտուտը։ Եթե իր ծրագրերը ստացվեն, ապա ընտրությունները կվերանան որպես այդպիսիք, քանզի բոլշևիկյան համակարգի պայմաններում ընտրություններ չեն լինում։

Սարգսյանն ուզում է պահել իշխանությունը, սակայն առանց պատասխանատվության և առանց հանրության աչքին երևալու։ Ինքն ամենից լավ գիտի իր իրական վարկանիշը, և դա է պատճառը, որ առաջարկել է Սահմանադրության նախագիծ, ու ամեն գնով ուզում է անցկացնել այն, բայց հրապարակավ դեմ է արտահայտվում նույն այդ նախագծին, ինչն աբսուրդի ժանրից է։

Եվ այսպես, Սարգսյանն ուզում է վերացնել ընտրական ինստիտուտը, քանզի ամեն մի ընտրություն ցնցում է անձամբ իր համար։ Ու չի կարող ցնցում չլինել այն դեպքում, երբ խնդիր է դրվել փոքրիկ ու քաղաքացիներից դատարկվող Հայաստանում նեոբոլշևիկյան համակարգ ներդնել ու «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Դրա համար էլ «սահմանադրագետներին» հանձնարարվել է ստեղծել մի փաստաթուղթ, որն ուղղակի վերացնում է Սահմանադրությունը։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, դժվար չէ կռահել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Թեև բոլոր հին ու նոր հաճախորդները հերթ են կանգնել Բաղրամյան 26–ի մատույցներում՝ սեղմելու համար «առաջնորդի» ձեռքը, թեև ԱԺ մեծամասնությունն ընդունել է ՀՀԿ ղեկավարի «կրոնն», ու տպավորություն է ստեղծվել, թե, իբր, բոլորը նրան ասում են՝ «Օ՜», սակայն Սարգսյանը լավ գիտի, որ դա ոչինչ չի նշանակում, քանզի Բաղրամյան 26, բայց լրիվ այլ նպատակով գնալու ցանկություն ունի ողջ հանրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը