Մեկնաբանություն

07.09.2015 00:05


«Հակապատերազմական»

«Հակապատերազմական»

Սերժ Սարգսյանն արժանի ու համարժեք պատասխան տվեց ադրբեջանցիների հարձակումներին։ Վերջիններս, ինչպես հայտնի է, օրեր շարունակ ինտենսիվ կրակահերթի տակ են առել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, իսկ ահա Սարգսյանը կրակահերթի տակ է առել ՀՀ գործող Սահմանադրությունը՝ «քսի տալով» իր հաճախորդներին և շփոթության մեջ գցելով թշնամիներին։

Ի պատասխան ադրբեջանական գնդակոծությունների՝ «Գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից հակաօլիգարխիկ պայքարի դրոշակակիր, արևմտամետ և մականունավորների ոխերիմ թշմանի հռչակված ՀՀԿ ղեկավարը Բաղրամյան 26–ում հանդիպեց Յուվեցի Կարոյին ու մյուս «կորիֆեյներին»։

Սահմանադրական ձևակերպումների նուրբ գիտակների հետ հանդիպումներն, անշո՛ւշտ, կխառնեն արտաքին հակառակորդի խաղաքարտերը, և նրանք ստիպված կլինեն նահանջել։

Սարգսյանի հաջորդ հակաքայլը Մոսկվայում «էլիտար» խնջույքին մասնակցելն էր։ Ադրբեջանցիները տեսան, որ ինչքան էլ իրենք գնդակոծեն ու ռմբակոծեն մեր բնակավայրերը՝ ՀՀ ղեկավարության քեֆին քեֆ չի պակսի։

ՀՀ–ում «սահմանադրական» օրերի հայտարարումից ու քեֆերից հետո, բնականաբար, Բաքվում խուճապի են մատնվելու, իսկ փոխարենը՝ Տավուշի մարզի բնակիչներն իրենց զգալու են ավելի ապահով Հայաստանում։

Ամենահուժկու հարվածը, սակայն, դեռ առջևում է։

Ա՛յ, կփոխենք Սահմանադրությունը և նեոբոլշևիկյան համակարգը կհակադրենք ադրբեջանական սուլթանատին՝ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ մենք ավելի առաջադեմ ենք, ու կյանքը կդառնա մեղր։

Այսքան ուրախ կյանքը մեր...

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը