Աշխարհ

07.09.2015 21:12


Բանգկոկի երկնքում հայտնված օբյեկտը փոթորկել է համացանցը (լուսանկար, տեսանյութ)

Բանգկոկի երկնքում հայտնված օբյեկտը փոթորկել է համացանցը (լուսանկար, տեսանյութ)

Բանգկոկի երկնքում հայտնված տարօրինակ օբյեկտը խռովել է համացանցի օգտատերերի և փորձագետների հանգիստը։

Թայլանդում ընկած երկնաքարը, ըստ Չաչենգսաու աստղադիտարանի գիտնականների, ամբողջովին այրվել է մթնոլորտի շերտերում։

«Միանգամայն սովորական երևույթ. մարդիկ անհանգստանալու կարիք չունեն»,–«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ասել են մասնագետները։

Պաշտոնապես, սակայն, Թայլանդի իշխանությունները մետեորիտի անկումը չեն մեկնաբանում։ Տեղական իշխանությունները միայն հայտարարել են, որ ավիացիոն որևէ գործողություն չի արձանագրվել։

Տեղի ունեցածի վերաբերյալ համացանցում լուսանկարներ և տեսանյութեր տեղադրող ականատեսների հաղորդագրությունները տարբեր են. նրանց մի մասը պնդում է, որ ոչնչանալուց առաջ օբյեկտը բոցավառվել է, բայց պայթյուն չի հաջորդել, ոմանք էլ գրում են, որ լսել են պայթյունի ձայնը։ Մի մասը գրում է, որ այն երկնաքար է, մյուսը՝ տիեզերական աղբ, իսկ ոմանք էլ հակված են կատարվածում այլմոլորակայիններ տեսնելուն։

Առկա տեղեկատվությամբ՝ ամեն ինչ կատարվել է Կանչանաբուրի ծայրագավառի երկնքում, որը մոտ 200 կմ հեռու է Բանգկոկից։

Բանգկոկի պլանետարիումից նշել են, որ երկնաքար ընկնելու վերաբերյալ տեղեկատվություն չեն ստացել։ Պլանետարիումի աշխատակիցներից մեկը «Bangkok Post» թերթին հայտնել է, որ ասուպների մեծ մասն այրվում է մթնոլորտում, իսկ եթե նրանցից մեկն ընկներ Երկրի վրա, աննկատ չէր մնա։

«Satview» կայքում էլ, որը հետևում է արբանյակների շարժին, նշվում է, որ այն պահին, երբ Բանգկոկի բնակիչները տարօրինակ օբյեկտ են նկատել, Երկրի վրա տիեզերական աղբի անկում է արձանագրվել։ «40459U» անվանումը ստացած օբյեկտն այրվել է մթնոլորտում՝ Երկրի ճանապարհին։

Ուսումնասիրելով կատարվածի վերաբերյալ տարբեր տեսագրություններ՝ փորձագետները նշում են, որ պատկերման պահին օբյեկտը գտնվել է Երկրից 80–120 կմ հեռավորության վրա։ Որոշ տվյալներով՝ բեկորների որոնումներն արդեն սկսվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը