Մեկնաբանություն

16.09.2015 22:40


Նա չի ուզում, նրա՛ն են ուզում

Նա չի ուզում, նրա՛ն են ուզում

Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր բոլորիս հավատացնել, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի հավակնելու ՀՀ նախագահի եւ վարչապետի պաշտոններին, պարզվում է՝ նախադասությունն ամբողջությամբ չի արտաբերել, կիսատ է թողել:

Պարզվում է նաեւ, որ նույն թեմայով իր նախադասությունը չի ավարտել Դավիթ Հարությունյանը, որը մի երկու ամիս առաջ դարձյալ փորձում էր բոլորիս վստահեցնել, թե Սերժ Սարգսյանը ոչ միայն ՀՀ նախագահի ու վարչապետի, այլեւ ԱԺ նախագահի պաշտոնին չի հավակնում:

Եթե ՀՀԿ ղեկավարը խոսքը շարունակեր, ապա ասելու էր` «...բայց դա չի նշանակում, որ գնալու եմ տանը նստեմ»: –Հարությունյանն էլ նույնն էր ասելու:

Այս օրերին նրանց նախադասություններն ավարտեցին ՀՀԿ-ականները` «բացահայտելով» այն, ինչի մասին երկար ժամանակ պնդում են սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերն ու գործիչները:

Սկզբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, թե իր առաջնորդը շարունակելու է պաշտոնավարել. ինչո՞ւ պետք է գնա տանը նստի:

Հիմա ՀՀԿ-ական տղամարդ պատգամավորներն իրար հերթ չտալով նույնն են կրկնում` բա հո չի՞ գնալու տանը նստի: Ավելին` հայտարարում են, թե ինչ պաշտոն որ ինքը ուզենա, այդտեղ էլ կլինի: Այսինքն` Սերժ Սարգսյանի անձնական ցանկությամբ են առաջնորդվելու, ինչ ընտրություն, ինչ բան:

ՀՀԿ-ականներն անգամ հայտարարում են, թե՝ ոչ մի դեպքում չենք թողնելու՝ տանը նստի, բոլորս գնալու ենք նրա մոտ, հորդորելու ենք, որ նախկինում արած իր հայտարարությունից հետ կանգնի ու անպայման մի կարեւոր պաշտոն ստանձնի:

Կարճ ասած` նախապատրաստվում են «հորդոր-խնդրանք-աղաչանք-պաղատանքի» բեմադրությանը: Ինչն իրենց կարծիքով չի դիտվի իբրեւ վերարտադրություն:

Մնում է՝ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների շուրջ շարունակվող քննարկումների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչները հանդես գան նախագծում «տանը չնստելու մասին» դրույթ ամրագրելու վերաբերյալ առաջարկով:

Ի դեպ, ՀՀԿ ղեկավարի տունն էդ ինչքան վատն է, որ նրա զինակիցները չեն ուզում, որպեսզի իրենց առաջնորդը մնա տանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա վերարտադրման ահա այսպիսի սրտաճմլիկ սցենար են մտահղացել: Ճիշտ հնդկական կինոյի սցենարի պես:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը