Մեկնաբանություն

19.09.2015 14:10


Հաճախորդից դեպի հայրենիքի դավաճան մեկ քայլ է

Հաճախորդից դեպի հայրենիքի դավաճան մեկ քայլ է

2008–ից սկսած՝ Բաղրամյան 26–ը ստեղծեց «Գեբելսյան» քարոզչամեքենան, որի հիմնական դերակատարումն «ընդդիմադիր» հռետորաբանության կիրառմամբ քաղաքական ու լրատվական դաշտի լղոզումն էր՝ հանուն «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման։

«Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս են կազմում ոչ միայն «անկախ» լրատվամիջոցները («1in.am», «Lragir.am» և այլն), այլ նաև հաճախորդ քաղաքական գործիչները (սրանց մեծ մասն օրերս մերկապար էր ցուցադրում նախագահական նստավայրում), «անկախ» փորձագետները, «քաղաքացիական ակԾիվիստները», ֆեյսբուքյան ստատուսագիրները, «արևմտամետները» և այլք։

Սա մի հսկայական մեքենա է, որը «հակաօլիգարխիկ» պայքար է մղում ՀՀ թիվ մեկ օլիգարխի նետած «կռճոններով»՝ նպաստելով սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխմանը և փողերի կենտրոնացմանը։

Բ26–ը պատերազմ է հայտարարել բոլոր նրանց, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի միանձնյա և ցմահ իշխանությանը։ Այդ իսկ պատճառով «քաղաքականություն» բառն անգամ հայտնվել է «օրենքից դուրս» վիճակում։ Ու որպեսզի քաղաքականությունը մահանա, ու դրանով զբաղվի միայն մեկ մարդ, հորինել են «քաղաքացիական պայքարի» մասին էժանագին հեքիաթը և հակադրել «քաղաքացիականը» քաղաքականին։

«Քաղաքացիական ակԾիվիստներին» իշխանությունները բուծել են «կուբամետրերով» ու հանրությանը փորձում են խաբել, թե բա՝ ճիշտը «քաղաքացիականն» է, որը հարյուր տարի հետո է գալու (դե, իսկ մինչև գալը պետք է Սերժը մնա աթոռին, ու շարունակվի թալանը. հակաօլիգարխիկ պայքարի շրջանակներում, անշո՛ւշտ)։

«Քաղաքացիական» բլեֆը համոզիչ դարձնելու համար «ակԾիվիստներին» հանձնարարում են կոնկրետ թեմայով գոռգոռալ ու «հերոսաբար» պայքարել (տպավորություն թողնելու համար թույլատրված է նաև Սերժ Սարգսյանին Սարգսյան Սերժ ձևով դիմելը), որպեսզի հետո, երբ հարցը «լուծեն», հանրությանը համոզեին, թե բա՝ տեսնում եք, թե ինչ պուպուշն են քաղաքացիականները. հարցը դնում ու լուծում են, իսկ ահա քաղաքական շրջանակները քըխ են, քանզի իշխանություն են ուզում փոխել։

Բլեֆը ճշմարտանման դարձնելու համար պետության հսկայական ռեսուրսները ծախսվում են «քաղաքացիականներին» «ռասկրուտկա անելու» վրա։ Նրանց ընդունում են պետական պաշտոնյաները, հարցեր քննարկում, որպեսզի վերջում մարդամեկը հայտարարի, թե «Սիրո՛ւն չի», և կախարդական փայտիկով հարցը լուծվի հօգուտ ... երիտօլիգարխիայի, բայց դա ներկայացվի որպես հանրության հաղթանակ։

Օրինակ՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության որոշ անդամներ, ովքեր հետագայում պայթեցին «Օպերա» օպերացիայի ժամանակ, իրականում նպաստում են «Այո՛ թալանին» կարգախոսի կյանքի կոչմանը։ ՀԷՑ–ի հետ կապված մութ գործարքն ու հոսանքի թանկացումը ասվածի վառ ապացույցն են։

Ու շատ են այդպիսի դեպքերը։ Սրանց բուծել են իշխանական կաբինետներում ու քսի տվել հանրության վրա։

Դրանցից մեկը՝ Վահան Մարտիրոսյանը, օրերս անցավ Բաքվի կողմը ու սկսեց վայրահաչել Հայաստանի վրա ալիևյան կոդերով, որոնք շատ առումներով համընկնում են Բ26–ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենայի կոդերի հետ։

Հոդվածին կից նկարում «Ներազգային ազատագրական շարժում» ինքնահռչակված քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչն է, նույն ինքը՝ Վահան Մարտիրոսյանը, ով Աշոտյանի հետ «քաղաքացիական» բնույթի հարցեր է քննարկել։ Սա հենց այն տեխնոլոգիայի շրջանակներում է տեղի ունեցել, ինչի մասին ներկայացրեցի վերևում («նժդեհիստ» Աշոտյանի կողքն այլ «քաղաքացիական» չէր էլ կարող հայտնվել)։

Պատահական չէ, որ հիմա «Գեբելսյան» քարոզչամեքենան ծպտուն չի հանում Վահանի դավաճանության թեմայով։ Պատճառը շատ պարզ է՝ Վահանն իրենց «քաղաքացիական» հաճախորդն է եղել, ու այդպիսիք շատ կան։

Հիմա իշխանություններն ուզում են լռության մատնել այս աննախադեպ երևույթը, որպեսզի ստիպված չլինեն մի շարք հարցադրումների պատասխանել։ Բայց դե, սա ազգային անվտանգության հարց է, և մենք չենք պատրաստվում լռության մատնել թեման։

Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է այն մթնոլորտը, որտեղ ծնվում են վահանմարտիրոսյանները։ Մթնոլորտ, որը ստեղծվել է իշխանության նախաձեռնությամբ։ Փաստն այն է, որ «քաղաքացիական» ու հաճախորդական միջավայրը հայրենիքի դավաճաններ է ծնում։

Իշխանությունները մեր երկրի ներսում խայտառակ առուծախի վիճակ են ստեղծել։ Վահան Մարտիրոսյանն այդ մթնոլորտի ծնունդն է։ Նա գիտի, որ իշխանության փողերով պայքարել է նույն այդ իշխանության շահերի սպասարկման համար։ Նա տեսել է, որ մարմնավաճառության խրախուսումը դարձել է պետական քաղաքականություն, ու որոշել է վաճառվել ավելի շատ փող տվող Ալիևին։ Ըստ երևույթին, նաև «քցված» է եղել տնաբույծ նեոբոլշևիկներից ու որոշել է վրեժ լուծել նրանցից՝ ձեռքի հետ կարգավորելով սեփական ֆինանսական խնդիրները։

Դե հիմա նայե՛ք ձեր շուրջբոլորը և տեսե՛ք, թե ինչքան հաճախորդ կա, որ հանգիստ կարող է հայրենիքի դավաճանությամբ զբաղվել։ Չէ՞ որ հաճախորդությունից դեպի հայրենիքի դավաճանություն մեկ քայլ է կամ մի զրո ավել։

Որոշ միամիտներ հարց են բարձրացնում, թե բա՝ պետք է հետաքրքրվել, թե որտեղից է ֆինանսավորվել դավաճանը։ Հեռու գնալ պետք չէ։ Իշխանության «ողջախոհ» թևին հարցրեք՝ կասեն։ Իսկ թե կողքից էլ ինչքան է ավելացրել Ալիևը, արդեն Վահանը կիմանա։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ոմանք հարց են բարձրացնում, թե բա՝ ո՞նց կարելի է պատահական մարդկանց հանրային դեմք սարքել ու քաղաքացիական ակտիվիստ։

Հարկ է նկատել, որ կոնկրետ Վահան Մարտիրոսյանին «քաղաքացիական դեմք» է սարքել իշխանությունը՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, ով նրա հետ քննարկել է կրթության ոլորտի խնդիրներ, իսկ «անկախ» լրատվամիջոցները «ռասկրուտկա» են արել այդ քննարկումը։

Իսկ այն, որ հիմա ասում են, թե նույն այդ Վահանը եղել է հոգեկան հիվանդ, ու դրանով ուզում են թեման փակել, ապա դա հուսահատ քայլ է հիշեցնում։ Համ էլ՝ անհարմար բան է ստացվում։

Ստացվում է, որ Աշոտյանը կրթությանը վերաբերող հարցերը քննարկել է հոգեկան հիվանդի հետ։

Հ.Գ.-2: Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հունիսյան ցույցերի ժամանակ «կենդանաբական պատի» մաս էր կազմել նաև կարկառուն ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը։

Նրա հետ կապված պատմությունը բոլորի հիշողության մեջ է։

Աշոտյանին, ակնհայտորեն, անսպասելի էր «սիկտիրի» արժանանալը։

Համաձայնե՛ք, որ եթե Արմենն իմանար իր գլխի գալիքը, ապա չէր գա ու չէր միանա «ընդդիմադիր» պատգամավորներին։ Նա համոզված է եղել, որ իրենց բուծած «տղերքն ու աղջկերքն» են փողոցում, ու դրա համար էլ ինքնավստահ եկել էր «սելֆի» անելու, սակայն խիարը թարս բուսեցրին ոչ «քաղաքացիական» շրջանակները։

Բաղրամյանում տեղի ունեցածը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ որոշ «քաղաքացիական» շարժումներ գործում են իշխանության հովանու ներքո, այլապես աշոտյաններն այդպես հանգիստ չէին գա Բաղրամյան փողոց։

Վահան Մարտիրոսյանը իշխանությունների բուծած «հակաօլիգարխիստներից» է, որի ծառայություններից շտապել է օգտվել Ալիևը։

Հայաստանյան իշխանությունները «քաղաքացիականներին» սովորեցրել են անբարոյական ձևով խաբել հանրությանը՝ դհոլություն ու մանիպուլյացիաներ անելով։ Վահան Մարտիրոսյանն ամենալավ աշակերտն է դուրս եկել՝ դավաճանելով ու դհոլություն անելով ադրբեջանական հատուկ ծառայությունների հովանու ներքո։

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի բարքեր են տիրում իշխանական կաբինետներում։ Արդյունքներն ակնհայտ են։

Դե հիմա նայե՛ք Բ26 այցելածների «ընդդիմադիր» և «անկախ» դեմքերին։ Դրանցից քանի՞սը կհրաժարվեին Ալիևի հետ ձեռքսեղմումից և վահանմարտիրոսյանություն անելուց ...

Այս խորագրի վերջին նյութերը