Մեկնաբանություն

20.09.2015 18:50


Վայելե՛ք Սերժ Սարգսյանի ստեղծած կեղծ իրականությունը

Վայելե՛ք Սերժ Սարգսյանի ստեղծած կեղծ իրականությունը

Կեղծ իրականության մեջ հերոս չի ծնվում: Իսկ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է ու ամեն քայլի դիմել է, որ մեր իրականությունը դառնա այդպիսին, այսինքն՝ «ֆալշ»:

Ուրեմն` Սերժ Սարգսյանի ստեղծած կեղծ իրականության մեջ հերոս չի կարող ծնվել: Դավաճան` որքան ուզեք: Նման իրականության մեջ «հերոսի» ծաղրապատկեր` այո՛, ծնվում է: Ու այդ ծաղրապատկերը շատանում է, թափվում է փողոց, թե տեսե՛ք` մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք կասեցնելու հոսանքի գնի բարձրացումը, մենք ենք Վովայի քթի տակով անարգել բերելու աղբամաններն ու Բաղրամյան փողոցում բարիկադներ ենք սարքելու: Եվ ասելու ենք` «Ո՛չ թալանին»: Հե՛նց այդպես` ոչ թե «Ո՛չ թալանչիներին», այլ` «Ո՛չ թալանին»:

Հերոսի ծաղրապատկեր հանդիսացող ջահելները չեն կարող թալանչիներին «ո՛չ» ասել, քանի որ նրանց տված ռոճիկով են «պայքարում»: Ու ճիշտ պահին գնում են տուն: Ըստ սցենարի:

Այս կեղծ իրականությունը ձեւավորվել է շատ վաղուց: Ավելի ճիշտ այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց Բաղրամյան 26-ում: Մեկը, ով հիմա գնել է բոլոր ծախու արարածներին` «ընդդիմադիրներից» մինչեւ «քաղաքացիական» նախաձեռնություններ: Մեկը, ով հիմա իր բարձր հովանու տակ է պահում լրատվական դաշտի 99 տոկոսին: Մեկը, ով հիմա իր բարձր հովանու տակ է պահում քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների, բլոգերների ու սոցցանցերում վխտացող ֆեյքերի մի ողջ «փաղանգի»:

Վաճառվող «փաղանգ», որն ըստ հարմարության կարող է գովել Սերժ Սարգսյանի «քիրվայական» գիծը` վերջինիս օծելով որպես «արեւմտամետ գործիչ», իսկ եթե պետք է նաեւ մի քիչ քննադատել: Զզվելի թատրոն:

Այս նողկալի` կեղծիքի, ստի ու երեսպաշտության մթնոլորտում կարող են ի հայտ գալ միայն կեղծ հերոսներ եւ իրական դավաճաններ: Թեպետ, իրական դավաճանների ու կեղծ հերոսների միջեւ տարբերություն չկա:

Իրական դավաճաններն, օրինակ, կարող են հայտնվել Բաքվում եւ քո հայրենքի դեմ վայրահաչել, իսկ կեղծ հերոսները` պաշտպանելով գործող իշխանությանը` նույնն է, թե դավաճանելով ժողովրդին` կարող են վտանգել նույն այդ հայրենիքի ապագան: Ո՞րն է տարբերությունը:

Երբ Վահան կոչված ոչնչությունն ի ցույց է դնում իր դավաճանությունը, իսկ ներքին թշնամին քողարկված է գործում: Սրանց իրարից տարբերելը շատ դժվար է: Գոնե ինձ համար, շատ դժվար է: Մանավանդ, երբ երկու տեսակն էլ նույն` Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության հետեւանքն են:

Ուրեմն` վայելե՛ք երկուսին էլ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը