Աշխարհ

02.10.2015 16:00


Գերմանացիներն ավելի շատ են սկսել վախենալ ներգաղթյալներից

Գերմանացիներն ավելի շատ են սկսել վախենալ ներգաղթյալներից

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն առաջին անգամ հրապարակային քննադատության է ենթարկել ԳԴՀ–ն «ողողած» ներգաղթյալներին։ Նախարարի խոսքերով՝ նրանց պահվածքը զգալիորեն վատթարացել է վերջին ամիսներին. եթե նախկինում նրանք գոհ էին իրենց տրամադրած ապաստանի համար, ապա այժմ իրենց այնպես են պահում, ասես ամեն ինչ կարելի է։

«Դեռ ամառվա սկզբին փախստականները շնորհակալ էին այն բանի համար, որ այստեղ են գտնվում։ Իսկ հիմա նրանցից շատերը մտածում են, որ կարող են գնալ՝ ուր ուզեն։ Նրանք լքում են վարչական հիմնարկությունները, տաքսի պատվիրում և, ի զարմանս ինձ, գումարներ ունեն Գերմանիայով հարյուրավոր կիլոմետրեր գնալու համար»,–նախարարի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

ՆԳՆ ղեկավարը նաև նշել է, որ փախստականները բողոքի ակցիաներ են կազմակերպում և կռիվներ սարքում, երբ իրենց դուր չեն գալիս ճամբարային պայմանները։

Շարքային գերմանացիները սկսել են ավելի վատ վերաբերվել եկվորներին։ «ARD» հեռուստառադիոընկերության կազմակերպած հարցման արդյունքներով՝ Գերմանիայի քաղաքացիների 51 տոկոսը վախենում է ներգաղթյալների հոսքերից։

Գերմանացի պաշտոնյաների ելույթները նույնպես նպաստում են քաղաքացիների շրջանում առկա անհանգստության մեծացմանը։ Մասնավորապես, Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ երկիրը շատ արագ սպառում է ներգաղթյալներին տեղավորելու համար նախատեսված միջոցները։

Ներգաղթային քաղաքականությունը, որը վարում է կանցլեր Անգելա Մերկելը, սկսում է ազդել նրա վարկանիշի վրա։ Ըստ «The Local»–ի՝ վերջին ամսում նրա հեղինակությունն 9 կետով ընկել է՝ հասնելով 54 տոկոսի։ Միևնույն ժամանակ, մեծանում է այն քաղաքական գործիչների թիվը, որոնք քննադատում են կանցլերի մոտեցումը փախստականների հարցին։ Այդպես 11 կետով բարձրացել է բավարացի վարչապետ Հորսթ Զեեհոֆերի վարկանիշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը