Մեկնաբանություն

09.10.2015 00:05


Հանրաքվեն և երկրաշարժը

Հանրաքվեն և երկրաշարժը

Այսպես, արդեն հայտնի է սահմանադրական հանրաքվեի օրը:

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015-ի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին: Այսինքն, երկու ամիս հետո ՀՀ քաղաքացիները մասնակցելու են մի միջոցառման, որի պատվիրատուն չեն, բայց ստիպված են մասնակից դառնալ այդ միջոցառմանը, եւ իրենց քվեարկությամբ պետք է ապացուցեն, որ սահմանադրական փոփոխությունների պատվերը իրենց կողմից չի եղել, այլ պարտադրվել է վերեւից, կոնկրետ` Բաղրամյան 26-ից, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի կողմից:

Շատերն արդեն նկատեցին, որ նշանակված օրը չափազանց «խորհրդանշական» է այն առումով, որ հանրաքվեի արդյունքները հայտնի են դառնալու հաջորդ օրը` դեկտեմբերի 7-ին` 88-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունն իր բովանդակությամբ ավերիչ է, եւ որ պետության ապագայի համար քաղաքական երկրաշարժի ուժի լիցք է պարունակում, բանական մարդիկ չեն կասկածում:

Եվ, կարծես, հանրաքվեի օրվա ընտրությունը հենց նման «խորհուրդ» է պարունակում:

Դե, ՀՀԿ ղեկավարը շատ է շտապում` տոկոս խփելու միջոցով իր «գենսեկությունը» հաստատելու հարցում, այդ պատճառով էլ անպայման ցանկացավ, որ հանրաքվեն լինի հենց այս տարի: Քանզի մի փոքր էլ ձգձգելու դեպքում հնարավոր է՝ հանրաքվեն «գրվեր ավազին»:

Այդպես է։ Այն, ինչ անձամբ իր շահերից է բխում, «Վերջի բոլշեւիկը» երկաթը տաք-տաք է ծեծում: Իսկ երկրում կուտակված հիմնախնդիրների լուծման, ժողովրդի բարեկեցության, արտագաղթի, աղքատության, գործազրկության ծավալների կրճատման հարցերը կարող են սպասել, ինչպես սպասում են արդեն յոթ տարի: Դրանք լուծելուց «քյար չունի», իսկ հանրաքվեն անձամբ իր համար, իր քաղաքական հեռանկարի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է: Այդ պատճառով էլ պալատում կոնսոլիդացրեց քաղաքական դաշտում կենդանի ու մեռած որոշակի թվով ուժերի (վերջիններիս խոնարհումն ու ֆոտոսեսիան հանրության մտապատկերում դեռ երկար կմնան որպես խայտառակ պատմական փաստ) ու հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների շուրջ «կոնսոլիդացիա» կա` հաճախորդներին փորձելով նույնացնել ժողովրդի հետ:

Մի խոսքով, իր անձնական շահերին վերաբերող հարցերում նա միշտ էլ օպերատիվ է գործել` առաջնորդվելով «պետությունը ես եմ» կարգախոսով: Ինչեւէ:

Շատ շուտով նույն օպերատիվությամբ շտաբներ կձեւավորեն ու հաճախորդներին կներգրավվեն «այո»-ի քարոզարշավում:

Հուսանք՝ երկամսյա ժամանակահատվածում հանրության ինքնագիտակցությունը կբարձրանա այնքան, որ իր քվեարկությամբ կկանխի Հայաստանի ապագային սպառնացող իրական վտանգը` այդ կերպ փրկելով երկիրը սպասվող քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական երկրաշարժից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը