Մեկնաբանություն

16.10.2015 00:05


Վերարտադրության ճոխ ծախսերը

Վերարտադրության ճոխ ծախսերը

Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով` 1 մլրդ 710 մլն դրամով սահմանադրական հանրաքվե անցկացնի, որ հետո էլի բժշկին, ուսուցչին, հովվին, բոլորին քիչ վճարի ու իշխանությունը շարունակի գողանալ…

Սա՛ է Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների էությունը, ինչի համար կառավարության պահուստային ֆոնդը դատարկել են, որպեսզի հանրաքվեն ճոխ անեն: Այնպես, ինչպես իշխանական վերնախավն իր հարսանիքներն ու կնունք-ծնունդներն է ճոխ անում, այնպես, ինչպես իշխող ուժն իր համագումարներն է ճոխ անում, որի ամբիոնից ամեն անգամ ՀՀԿ ղեկավարը խոստանում է բարձրացնել աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, սակայն այդպես էլ չի կատարում իր խոստումները: Փոխարենը՝ տնտեսությունն է քանդում, ոչնչացնում է մանր ու միջին բիզնեսը, ավելացնում է արտագաղթի, աղքատության եւ գործազրկության ծավալները, կարմիր կետագծերն ու արագաչափերը, չի զսպում գնաճը ու փայ մտնելու միջոցով երկրից արտաքսում է օտարերկրյա ներդրողներին:

Բայց կարեւորը` իր անձնական շահին վերաբերվող միջոցառումները շատ ճոխ է կազմակերպում՝ օրինակ՝ մոտ երկու միլիարդ դրամ վատնելով Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի վերարտադրությունն ապահովող սահմանադրական հանրաքվեի վրա: Չհաշված անցած մեկուկես տարում սահմանադրական փոփոխությունների գործընթացի, անձնական օգտագործման «սահմանադրագետների» վրա թափված մեծ գումարները, ինչպես նաեւ «ընդդիմադիր» ուժերին. «այո»–ի դաշտ բերելու համար նախատեսված զրոները:

Մի խոսքով, իրենց ապրուստի ճոխությանը հարիր ճոխ վերարտադրություն են նախատեսում: Ժողովուրդը չի կարող ըստ հարկի չգնահատել այս ցինիզմը` մոտ երկու միլիարդանոց հանրաքվեին պատասխանելով նույնքան ճոխությամբ: Այն է` «ոչ»-ի աննախադեպ առատություն մատուցելով սեփական իշխանությունը հավերժացնել փորձող «Վերջի բոլշեւիկին»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը