Մեկնաբանություն

29.10.2015 09:13


Սարգսյանը հեռվից է քարոզում

Սարգսյանը հեռվից է քարոզում

Վերջին օրերին լրատվամիջոցները «յալվար ընկած» փորձում են պարզել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մասնակցելու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին:

Ամեն օր իշխանական շտաբին հարցուփորձ են անում` տքնելով վերջինիս բերանից ինչ-որ խոսք պոկել ու իբրեւ «սենսացիա» հրապարակել: Դե, շտաբից էլ պատասխանում են, թե` հեսա Իսպանիայից գա, հեսա Անգլիայից վերադառնա, հայտնի կդառնա քարոզարշավին նրա մասնակցության ձեւաչափը:

Կարծես՝ լրատվամիջոցները Սերժ Սարգսյանի բնույթին ու էությանը ծանոթ չեն, կամ երբեք չեն տեսել ՀՀԿ ղեկավարի մասնակցությամբ նախորդ քարոզարշավները:

Ի՞նչ է՝ վերեւից Աստծո՞ւն է ցած բերելու, որ կարողանա նրա օգնությամբ ժողովրդին համոզել, թե իր գրած «մարդակենտրոն» նախագիծը որքա՜ն կարեւոր է Հայաստանի զարգացման համար: Անգամ «Աստվածակենտրոն» է:

Պարզ է, որ նման բան չի կարող անել (չնայած խիստ «աստվածավախությանը»): Նույն` ծանոթ, ձանձրալի ու կեղծ ձեւաչափով է իրականացնելու քարոզարշավը (հնարավոր է՝ նորամուծություն. ասենք՝ հայտնի սպիտակ շարֆերի ու փուչիկների վրա «այո» մակնշված լինի)` թիկնապահների գնդով մեկուսացված ժողովրդից:

Ինչ-որ տեքստեր է կարդալու այս կամ այն մարզկենտրոնում, հիշատակելու է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նախորդ ընտրարշավների ժամանակ, հիմա էլ բոլորին հավատացնելու է, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր սերունդը անպատժելիության հանդիպելու է միայն ծնողների հուշերում (լիսկաների ականջը կանչի), խոսելու է մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընդդիմության դերի բարձրացման եւ նման բաների մասին:

Դե, վերջում էլ եթե հանկարծ մի լրագրող նրան «բռնացնի» մեքենա նստելու պահին ու հետաքրքրվի հանրաքվեի հնարավոր արդյունքների մասին, լսելու ենք նույն պատասխանը` «Ինչքան ուզենք՝ էդքան էլ «Այո» կխփենք»:

Այնպես որ, քարոզարշավին Սերժ Սարգսյանի մասնակցության ձեւաչափն ավելի քան հայտնի է («պաժարի» ծավալներն էլ` մոտավորապես):

Անհայտ է երկրի ապագան, որտեղ Սահմանադրությամբ քաղաքական մենաշնորհ է հաստատվում: Այ սրա՛ մասին է պետք մտածել եւ փորձել կանխել նման վտանգը: Թե չէ սահմանադրական շոուի գլխավոր դերակատարի դրսեւորման ձեւերն ավելի քան հայտնի են եւ բնավ հետաքրքիր չեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը