Աշխարհ

02.11.2015 20:30


«Bohemian Rhapsody»–ի 40–ամյակը. 47–րդ տեղից մինչև 1–ին հորիզոնական (տեսանյութ)

«Bohemian Rhapsody»–ի 40–ամյակը. 47–րդ տեղից մինչև 1–ին հորիզոնական (տեսանյութ)

1975թ. հոկտեմբերի 31-ին բրիտանական լեգենդար «Queen» խումբը թողարկել է իր «Bohemian Rhapsody» հիթը: Ռուսական «Բի-բի-սի»-ի մշակույթի հարցերով մեկնաբան Ալեքսանդր Կանն այդ առթիվ կիսվել է իր հիշողություններով:

Կանը պատմել է, որ 1975թ., լինելով 5-րդ կուրսի ուսանող, մոլի երկրպագուի նման հետևում էր ռոք աշխարհի բոլոր նորություններին, որոնք հասանելի էին ԽՍՀՄ «երկաթե վարագույրի» պայմաններում: Նշված ժամին նա միացնում էր ռադիոն, որը հանդիսանում էր արտասահմանյան երգերի ուսումնասիրության հիմնական աղբյուր, և հետևում Մեծ Բրիտանիայի հիթ շքերթի «Թոփ 20»-ում տեղի ունեցող փոփոխություններին:

«Bohemian Rhapsody» երգը հայտնվել է Բրիտանիայի պաշտոնական հիթ շքերթում հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 2-ին զբաղեցրել 47-րդ տեղը։ Կանը պատմել է, որ հնարավորություն է ունեցել լսել այն միայն նոյեմբերի 9-ին, երբ երգը հայտնվել է «Թոփ 20»–ի 17-րդ տեղում։

«Այն ժամանակ ես արդեն լավ ծանոթ էի «Queen»-ին և սիրում էի այդ խումբը, հատկապես 1974թ. լույս աշխարհ տեսած նրանց «Sheer Heart Attack» ալբոմը, որը ներառում էր պայծառ, սրամիտ և աներևակայելի հնարամիտ «Killer Queen» հիթը: Սակայն նոր երգի հզոր օպերային վոկալը, վիթխարի ոճային, տեմպային, կոմպոզիցիոն, հնչյունային, գործիքային վայրիվերումները, որոնցով լի էր այն, և որոնք առանձնացնում էին նրան ծանոթ փոփ ֆորմատից, կարծես թե հիթ շքերթում «Bohemian Rhapsody»-ի հայտնվելը դարձնում էին ինչ-որ պարադոքսալ պատահականություն: Հաշվի չառնելով այն, որ նրա տևողությունը սինգլի համար անհավանական էր՝ 6 րոպե», - պատմել է Կանը:

Մեկնաբանին զարմացրել է նաև երգի տեքստը, որում առկա էին առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող Գալիլեյի, Ֆիգարոյի, Սկարամուշի, Ֆնադանգոյի և Վելզևուլի անունները, իսկ միակ ընկալվող «Մայրիկ, ես հենց նոր մարդ եմ սպանել: Ատրճանակը մոտեցրել եմ նրա գլխին, սեղմել ձգանը, և այժմ նա մահացած է» նախադասությունն ավելի քան սարսափելի էր հնչում:

Լսելով երգը՝ Կանը եզրակացրել է, որ այն զանգվածային առևտրային հաջողություն չի ունենալու և երկար ժամանակ չի մնալու հիթ շքերթում: Սակայն շաբաթ առ շաբաթ երգն ավելի բարձր տեղեր էր զբաղեցնում շքերթում: Նոյեմբերի 23-ին այն զբաղեցրել է «Թոփ 20»-ի առաջին տեղը, իսկ դրանից հետո մոտ 9 շաբաթ հայտնի երգերի ցուցակների առաջին տեղերում էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը