Մեկնաբանություն

05.11.2015 16:35


Ա՛յ, եթե տոկոսը շուտ «խփած լինեին» ...

Ա՛յ, եթե տոկոսը շուտ «խփած լինեին» ...

Ա՛յ, որ սահմանադրական փոփոխությունները շուտ անեինք, բրիտանացի Ռոբերտ Ուոլթերը էդ տեսակ նամարդություն չէր անի, ոչ էլ Ադրբեջանի խավիարին, փողին ու թանկարժեք նվերներին թամահ կաներ:

Մի քիչ որ շտապեինք նոր Սահմանադրությունն ընդունելու հարցում, հաստատ ԵԽԽՎ-ական բրիտանացի պատգամավորը չէր նստի ու «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ հակահայկական զեկույց գրի: Իսկ հիմա գրել եւ դրել է ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի սեղանին, վերջինս էլ հավանություն է տվել զեկույցին ու ընդգրկել Վեհաժողովի 2016-ի ձմեռային նստաշրջանի օրակարգում:

Եթե նոր Սահմանադրությունն արդեն ընդունած լինեինք, ապա հայկական պատվիրակությունը չէր սեւեռվի միայն Ուոլթերի զեկույցի վերնագրի վրա (ամիսներ շարունակ սրանց ուզածը միայն այն էր, որ վերնագիրը փոխվի):

Ակնհայտ է, որ մեր պատվիրակությունը չէր էլ խորացել բովանդակության մեջ, որտեղ ԼՂ հարցի պրոադրբեջանական լուծում է առաջարկվում. կոչ է արվում Հայաստանին դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս «գրավյալ տարածքներից», հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն, Մինսկի խմբին է կոչ արվում պլենար նիստ անցկացնել և Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի ինչպես անվտանգությունը, այնպես էլ ներքին ինքնակառավարումը, ինչպես նաև՝ համաձայնեցված միջանցք բացել Հայաստանի և ԼՂ-ի միջև ու վստահության ամրապնդմանն ուղղված այլ քայլեր կատարել, այդ թվում՝ դեպի Նախիջևան մուտքի թույլտվություն եւ այլն:

Հայաստանը ժամանակ չուներ լրջորեն ծանոթանալու այդ զեկույցի բովանդակությանը, քանի որ զբաղված էր սահմանադրական փոփոխությունների գործընթացն ավարտին հասցնելու հույժ ազգանվեր գործով: Քանզի բոլորը վստահ էին, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնողականությունն այնպիսի դրական զարգացումներ է արձանագրել, որ այսուհետ ոչ ոք չի հանդգնի հակահայկական զեկույցներ ու բանաձեւեր մշակել, հավանել ու հասցնել Ստրասբուրգի ամբիոն:

Դե, ոչինչ, ամեն ինչ դեռ կորած չէ: Շուտով հանրաքվեի ժամանակ «տոկոս կխփեն», հետո էլ կգնան Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում «տոկոս կխփեն»` կանխելով հակահայկական զեկույցի ընդունումը:

Բրիտանացի Ուոլթերն ուղղակի մանկամիտ քայլ է կատարել, շատ է վռազել` հաշվի չառնելով հանգամանքը, որ դեկտեմբերի 6-ից հետո Հայաստանն այլեւս հերոսաբար դիմագրավելու է թե՛ ներքին եւ թե՛ արտաքին բոլոր մարտահրավերներին: Չ՞եք հավատում։ Ով հավատում է՝ թող «այո» ասի սահմանադրական փոփոխություններին։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը