Մեկնաբանություն

27.11.2015 21:25


Բ26–ը հերթական անգամ մնաց «պրյոմի» տակ

Բ26–ը հերթական անգամ մնաց «պրյոմի» տակ

Նորքում իրականացված հատուկ գործողությունը, մարդկանց ձերբակալությունները, հսկայական քանակի զենքի հայտնաբերումը և այն հայտարարությունները, թե կանխվել է մեծ հանցագործություն, տարատեսակ մեկնաբանությունների արժանացան։

Երբ սկզբում միտումնավոր ձևով հատուկ քարոզչական փաթեթավորմամբ մատուցվեց լուրը, մարդիկ խուճապի մատնվեցին։ Հետո խուճապը վերածվեց կասկածի, ինչին էլ հաջորդեցին համացանցային «պրիկոլներն» ու անեկդոտները։ Ամեն ինչ անլրջացավ։

Իշխանություններն ուզում էին լավ, բայց ստացվեց հումորային մի բան՝ համեմված բրազիլական սերիալի ու հնդկական կինոյի տարրերով։

Իշխանություններն այժմ դժգոհում են, թե ինչու են մարդիկ անլուրջ վերաբերվում լուրջ միջադեպին։

Տեղի ունեցածը հիշեցնում է այն հայտնի պատմությունը, երբ մեկն անընդհատ խաբում է մարդկանց, թե իր տանը հրդեհ է, և կանչում է օգնության։ Օգնության հասնողներին հետո ասվում է, որ դա կատակ էր։ Ու երբ մի օր «կատակչու» տանն իրոք հրդեհ է լինում, ու նա օգնություն է կանչում, արդեն ոչ մեկը չի հավատում, և ստախոսը դառնում է հրդեհի զոհ։

Հիմա ՀՀԿ ղեկավարինն է։

Բաղրամյան 26–ի թեթև ձեռքով հասարակական ու քաղաքական դաշտը, հատկապես փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, վերածվել է կրկեսի։ Շուրջբոլորը թամաշա է, էժանագին շոու և գեղամյանություն։ Արդյունքում՝ մարդիկ տոտալ ձևով չեն վստահում այս իշխանություններին ու «քաղաքական» կոչված գործիչներին, ինչն էլ հանգեցրել է պետական կառույցների լեգիտիմության աղետալի ցածր մակարդակի։

Դա է պատճառը, որ հիմա «խոխմաներ են բռնում» ԱԱԾ–ի ու ոստիկանության համատեղ իրականացրած գործողության կապակցությամբ, բայց դա սխալ մոտեցում է։

ԱԱԾ–ն ու ոստիկանությունը, նաև՝ բանակը, այն եզակի պետական կառույցներից են, որոնք փորձում են Բաղրամյան 26–ի «մուտիլովկայական» քաղաքականության պայմաններում իրականացնել իրենց պետական գործառույթները։

Կարելի է ասել, որ Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը և Սեյրան Օհանյանը աշխատում են «վրեդնի ցեխում», քանզի ստիպված են մի կողմից ներիշխանական խարդավանքներին դիմագրավել ու մյուս կողմից կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունները։

Նորքի գործողության նկատմամբ անվստահության ու ծաղրի մեղավորներն ուժայինները չեն։ Անվստահության աղբյուրը գտնվում է Բաղրամյան 26–ում։

Գաղտնիք չէ, որ 2008–ից հետո նախագահական նստավայրը վերածվել է ստի ու կեղծիքի ստեղծման ու տարածման արտադրամասի։ Իշխանությունները ստեղծել են «Գեբելսյան» քարոզչամեքենա ու փորձում են, հանրային կարծիքը մանիպուլյացիաների ենթարկելով, պահել աթոռն ու «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Պատահական չէ, որ Նորքի օպերացիայի մասին առաջինը հաղորդեց ոչ թե պետական կառույցը, այլ «shamshyan.com»–ը և «1in.am»–ը, որոնք «մուտիլովկայական» կայքեր են ու ավելի հոգեհարազատ են նախագահական նստավայրին, քան ուժայինների լրատվական ծառայությունները։

Ստախոսությունը դարձել է ամենաբարձր մակարդակով պետական քաղաքականության գիծ։ Թատրոնների ու էժանագին տեսարանների կազմակերպումը դարձել է խաղի կանոն։

Երբ պետության առաջին դեմքը զբաղված է բացառապես անձնական խնդիրներով ու չի զլանում մարդ–կուսակցությունների, արտահաստիքային հաճախորդների հետ ժամերով գյալաջի անել ու ֆոտոսեսիաներ կազմակերպել, հանրության մոտ ալերգիա է առաջանում պետական իշխանության և պետական կառույցների նկատմամբ։

Դա է նաև պատճառը, որ հիմա կոմիկական վիճակ է ստեղծվել զինված խմբի հայտնաբերման ու վնասազերծման պատմության հետ կապված։

Հանրությունը վերջին յոթ տարվա ընթացքում տեսել է, որ իշխանությունների բոլոր գործողությունները միտված են նեղ խմբի շահերի սպասարկմանը։ Շահեր, որոնք խոր հակասության մեջ են հանրային ու պետական շահերի հետ։ Դրա համար էլ հանրության ճնշող մեծամասնությունը քմծիծաղով ու որոշ դեպքերում էլ ափսոսանքով է վերաբերվում այն հաղորդագրությանը, թե կանխվել է պետական այրերի դեմ պլանավորված զինված հարձակումը։

Այլ հավասար պայմաններում Նորքում կատարվածը պետք է լուրջ մտահոգության տեղիք տար։ Հանրությունը պետք է զգաստանար, ինչպես նաև դրական վերաբերմունքի արժանացներ ուժայինների գործողությունները, այն տղաների վարքագիծը, ովքեր անկանխատեսելի ելքով օպերացիայի էին մեկնում։ Սակայն կա ճիշտ հակառակ պատկերը։

Հարկ է, հետևաբար, արձանագրել, որ Բ26–ը հերթական անգամ մնացել է իր իսկ կիրառած «պրյոմի» տակ։ Ինչ ցանել են՝ այն էլ հնձում են։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը