Մեկնաբանություն

01.12.2015 15:15


Երևանի «ֆուտբոլային» լռությունը

Երևանի «ֆուտբոլային» լռությունը

Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Սերժ Սարգսյանն ակտիվ քարոզչություն էր իրականացնում։ Նա, օրինակ, սիրիական «Ալ Վաթանին» հարցազրույց էր տալիս ու պատրաստակամություն հայտնում Ադրբեջանին զիջել Ղարաբաղի ազատագրված շրջանները։ Նաև՝ հայտարարում էր, որ հայ–թուրքական հարաբերությունների հաստատումը գին ունի, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը (ժամանակը ցույց տվեց, որ հայկական կողմն ահագին գին վճարեց՝ դիմացը միայն բացասական արդյունքներ ստանալով)։

Իշխանամետ «թուրքագետները» և «անկախ» լրատվամիջոցները գովերգում էին Բ26–ի «նախաձեռնողականությունը»՝ զուգահեռաբար հակառուսական քարոզ տանելով։

«Հայ–թուրքական արձանագրությունների արդյունքում քիրվայություն ենք անելու թուրքերի հետ, բացելու ենք հայ–թուրքական սահմանը, բաց սահմանով ինտեգրվելու ենք ԵՄ–ին ու դուրս շպրտենք ՌԴ–ին մեր տարածաշրջանից». ահա ա՛յս կոդերով էին քարոզչություն իրականացնում ՀՀԿ ղեկավարին սատարողները։

Թե ինչ եղավ այդ ամենից հետո, տեսան բոլորը։

Անկարան, օգտվելով Երևանի կոպիտ սխալից, Ղարաբաղի հարցում դարձավ ակտիվ դերակատար և հաջողացրեց պինդ իրար կապել հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերությունները «Սահմանի բացում՝ Ղարաբաղում զիջումների դիմաց» ծրագրի շրջանակներում։

Արևմուտքն ընդունելի համարեց թուրքական այդ մոտեցումն, ու հայ–թուրքական «Ֆուտբոլը» սահուն կերպով վերածվեց Ղարաբաղի խնդրի «լուծման» գործընթացի։

Իրավիճակը փրկեցին Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը՝ իրենց ագահությամբ ու ապուշությամբ պահանջելով ամեն ինչ ու միանգամից։ Սարգսյանը ստիպված եղավ հետ քաշվել, քանզի հասկանում էր, որ թուրք–ադրբեջանական պահանջների բավարարման դեպքում կկորցնի աթոռը։

Այդ ամենին նախորդել էր ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը Ստամբուլում։ Նա ասել էր, որ հայ–թուրքական գործընթացը որևէ կերպ չի կարելի կապել Ղարաբաղի խնդրի հետ։

Պուտինի այդ հայտարարությունը, բնականաբար, գին ուներ։ Այդ գինը ՀՀ–ում ՌԴ ռազմաբազաները կես դարով երկարաձգելու պայմանագիրն էր։

Անկախ ամենից՝ նկատենք, որ Պուտինի կոշտ դիրքորոշումը կանգնեցրեց Ղարաբաղի հարցով թուրքական առաջխաղացումը։

Տեղին է հիշեցնելը, որ ռուս–թուրքական հարաբերությունների վատացումը սկսվեց Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին Հայաստան ժամանելուց հետո։ Թուրքերը հսկայական ջանքեր գործադրեցին, որպեսզի ՌԴ նախագահը Ծիծեռնակաբերդ չգա, սակայն չկարողացան։

Հիմա, երբ թուրքական կողմը խփել է ռուսական իքնանթիռն ու ուղղաթիռը, հայկական կողմը լուռ է, մինչդեռ կարող էր պահն օգտագործել ու հայտարարել, որ համանման իրավիճակում Հայաստանը չի խփել թուրքական ուղղաթիռներին այն ժամանակ, երբ դրանք ապօրինաբար հատել են մեր երկրի սահմանը։

Երևանի լռությունը տարօրինակ է այն առումով, որ կարելի էր հսկայական դիվիդենտներ շահել՝ օգտվելով այն բանից, որ ՌԴ–ում հակաթուրքական հիստերիա է բարձրացել օդաչուի ու փրկարար զինվորի սպանության կապակցությամբ։

Խնդիրն այն չէ, որ մենք պետք է ոտքով ու գլխով նետվենք ռուս–թուրքական հակամարտության մեջ։ Խնդիրն այն է, որ պետք է հայաստանակենտրոն մոտեցում ցուցաբերել և կոնկրետ դիրքորոշում հայտնել։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ս. Սարգսյանը սպասում է՝ տեսնի, թե ինչ հարմար առիթ կա թուրքերին կամ անձամբ Էրդողանին «մեծարգո» ձևակերպմամբ դիմելու կամ ցավակցելու համար, իսկ ահա բառեր չի գտնում ռուսական կողմին ցավակցելու և այլ տիպի գործողություններ կատարելու համար։

Պաշտոնական և ոչ պաշտոնական հազար ու մի ձև կա ռազմավարական դաշնակցին աջակցություն ցույց տալու համար։ Սակայն դրանից ոչ մեկի օգնությանը Երևանը չի դիմում։ Սա անհասկանալի «Ֆուտբոլային» լռություն է, որը կարող է մեկնաբանվել որպես պրոթուրքական դիրքորոշում։

Մենք հո միայն անվտանգության սպառո՞ղ չենք, որ ձկան պես համր ենք դարձել։ Խնդիրն այն չէ, որ պարզունակ ձևով հայտարարենք, թե Ստամբուլը դարձնելու ենք արյան ծով։ Դա հիմարություն կլինի։ Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ պետք է ՀՀ–ն որոշակի ձևով հայտնվի միջազգային լրահոսում այնպես, ինչպես հիմա Թուրքիային աջակցողներն են տեղեկատվական դաշտում երևում։

Ի դեպ, եթե հայաստանյան «արևմտամետները», որոնք Բաղրամյան 26–ի տակ են աշխատում, կարծում են, որ ռուսներին հասնում էր, ու գրեթե բացահայտ «բալետ են անում» թուրքերին, ապա սա արդեն լրիվ այլ խոսակցության թեմա է։

Իշխանական «Lragir.am»–ը, օրինակ, բացահայտորեն պրոթուրքական քարոզ է տանում՝ փորձելով դա փաթեթավորել «արևմտամետության» ու «ինքնիշխանության» ստվարաթղթով, բայց դե, քանի՞ չորքոտանի կա, որ չի տարբերի կեղծն ու իրականը։ Քանի՞ չորքոտանի կա, որ չի տեսնի 5–րդ շարասյան վարքագիծը։ Ինչևէ։

Թե ինչ է վերջում ստացվելու Երևանի «Ֆուտբոլային» լռությունից, կերևա առաջիկայում։ Համենայնդեպս, Կրեմլում այս ամենը ֆիքսել են ու հարմար առիթի դեպքում երևի հիշեցնեն։

Իսկ եթե ոմանք մտածում են, թե ՆԱՏՕ–ն մեզ կօգնի, ապա Սիրիայի դեպքերը պարզ ցույց տվեցին, որ ՆԱՏՕ–ն մեր տարածաշրջանում դա Թուրքիան է, և թուրքական ծրագրերի դեմ կռիվ տվող միակ պետությունը ՌԴ–ն է, որը եթե չմտներ Սիրիա, ապա Ասադի իշխանությունը կընկներ, ու Թուրքիայի կողմից սատարվող ահաբեկիչները կտարածվեին ամբողջ Մերձավոր Արևելքով ու հյուսիսային Աֆրիկայով՝ իրենցով լցնելով նաև ԵՄ–ն:

Թուրքիան Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունի։ ԵՄ–ն, պատկերավոր ասած, կուռկուռի ձագի կարգավիճակ ունի և կզած է Թուրքիայի տակ։ ԱՄՆ–ի ռազմավարական դաշնակիցն այս տարածաշրջանում Թուրքիան է։ Այնպես որ, պատրանքներ պետք չէ ունենալ։ «Եվրաասոցացվողները» հիմա տեսնում են, թե ինչն ինչոց է, և լավ կանեն՝ դադարեցնեն հակառուսական հիստերիան, որը տակից խրախուսվում է նաև Բաղրամյան 26–ի կողմից։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Թվում էր, թե ՀՅԴ–ական վերնախավը պետք է առիթն օգտագործեր ու ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ հակաթուրքական գոնե փոքրիկ ակցիա կազմակերպեր, հատկապես որ առիթը կար, բայց դատելով ամենից՝ հիմա նրանք այլ բիզնեսի մեջ են խորացել։ Սահմանադրական փոփոխությունների քարոզն, ըստ ամենայնի, ավելի լավ է վճարվում։ Այնքան լավ, որ «հայրենասիրական» բիզնեսը մղվել է հետին պլան։

Այս խորագրի վերջին նյութերը