Լրահոս

02.12.2015 20:40


Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ուրիշի անվամբ ձևակերպվել են վարկեր, իսկ գումարը՝ հափշտակվել

Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ուրիշի անվամբ ձևակերպվել են վարկեր, իսկ գումարը՝ հափշտակվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ուրիշի անունով վարկեր ձևակերպելու և ստացված գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ Երևանի 48-ամյա բնակչուհին «Կոմիտասի» անվան պանթեոնում գտել է ՀՀ քաղաքացի հանդիսացող մի կնոջ անձնագիր, որն օգտագործելով կատարել է հափշտակություններ։ Մասնավորապես՝ անձնագրում նշված կնոջ անվամբ ձեռք է բերել աշխատանքի վերաբերյալ կեղծ տեղեկանք, որը գտած անձնագրի հետ միասին 2014 թ. մայիս-հունիս ամիսներին ներկայացրել է հանրապետությունում գործող տարբեր բանկեր և անձնագրում նշված կնոջ անունով ձևակերպել սպառողական վարկեր, իսկ ստացված գումարները՝ հափշտակել։ Նախաքննությամբ բացահայտվել է նման մեխանիզմով իրականացված խարդախության 4 դրվագ։

Բացի այդ, պարզվել է, որ գտած նույն անձնագրով կապի օպերատորներից մեկի հետ 48-ամյա բնակչուհու կողմից կնքվել է բջջային հեռոխոսի և բջջային հեռախոսաքարտի ձեռքբերման պայմանագիր։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա 48-ամյա բնակչուհի Ն. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) ( Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը)՝:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը