Մեկնաբանություն

08.12.2015 17:50


«Եզրագծից այն կողմ» սերիալի շարունակությունը

«Եզրագծից այն կողմ» սերիալի շարունակությունը

Դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո (այսինքն` չսպասելով վերջնական արդյունքների ամփոփմանը) Սերժ Սարգսայնը նախագահականում հյուրընկալել է բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների:

ՀՀԿ ղեկավարն իր ելույթն սկսել է այսպես. «Երեկ մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ, որի առաջ կանգնած էինք վերջին երկու տարիների ընթացքում: Խոհեմության, հեռատեսության և հավատի լույսը ցրեց անորոշության, կասկածների ու մտահոգությունների մառախուղը: Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ»:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, խոստովանում է, որ մինչեւ հանրաքվեն իր ղեկավարման 6-7 տարիները եղել են, մեղմ ասած, անորոշության, կասկածների, մտահոգությունների մառախուղով պատված մի ծանր ու անմարդկային շրջան: Դա իրականություն է: Բայց ամբողջական չէ:

Թե էլ ինչեր են եղել մինչեւ հանրաքվեն, այդ մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով կորցրել է ամեն ինչ` տուն, ընտանիք, աշխատանք, տեսել է, թե ինչպես են Սարգսյանն ու իր կուսակցությունը գռփում հայրենիքը, եւ որքան թշվառանում է այդ հայրենիքը, այնքան թռփոշանում է իշխող ուժը:

ՀՀ քաղաքացին տեսել է այս անբարոյականությունը: Ու հիմա ՀՀԿ ղեկավարը բարբառում է խոհեմության, հեռատեսության, հավատի լույսի մասին, որը սպասվում է մեզ իր նախաձեռնած սահմանադրական ավանտյուրայից հետո:

Սարգսյանն իր սիրելի «Արմենիա» ալիքով ցուցադրված «Եզրագծից այն կողմ» սերիալին է հավատում, և դա ողբալի է:

Մարդը, փաստորեն, ինքն է գրել այդ հեքիաթը, որը սարքել էին սերիալ ու ցուցադրում էին (գուցե հիմա էլ են ցուցադրում):

Հիմա էլ սերիալ-հեքիաթի շարունակությունն է մեզ մատուցում, որ, իբր, պետք է իրականություն դառնա: Ոնց է երեւում, որ նրա տատն իրեն դասական հեղինակների գրած հեքիաթներ չի պատմել կամ ընդհանրապես չի պատմել: Բայց մենք սրա՞ համար էինք հավաքվել։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը