Մեկնաբանություն

10.12.2015 12:55


Լեռ Կամսարին հիշելիս

Լեռ Կամսարին հիշելիս

Դարձյալ հիշեցի Լեռ Կամսարին. «Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողըոր այս կառավարության երեսը չտեսնեմ»:

Պարզ է՝ երգիծաբանի խնդրանքը վերաբերում է իր ժամանակին: Բայց մի ընդհանրություն կա: Կամսարի ժամանակներում, ինչպես հիմա, համակարգը պառլամենտական էր (թեկուզ մեզանում դեռ չի հասցրել մտնել ուժի մեջ): Տարբերությունն այն է, որ մենք հիմա եթե նման խնդրանքով դիմենք, հայտնի չէ, թե որ կառավարությանը պետք է նկատի ունենանք:

Բացատրեմ: Էս խայռատակ հանրաքվեից հետո համառ են կանխատեսումները, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնում չի մնալու: Կարճ ասած` «Վերջի բոլշեւիկը» Աբրահամյանից պահանջելու է ազատել վարչապետի աթոռը:

Դե, հասկանում եք` ինքը ՀՀԿ ղեկավարն է նստելու այդ աթոռին, եւ 2018-ից հետո ուժեղ վարչապետի ու գենսեկի լիազորությունները մեկտեղելով` շարունակելու է կառավարական ասպատակությունը (եթե, իհարկե, հանրային դիմադրություն չլինի): Ահա այս «նրբությունը» ժողովրդին առայժմ թույլ չի տալիս Կամսարի պես հստակ ասել, թե որ կառավարության երեսը չենք ուզում տեսնել: Մի տեսակ երկընտրանքի մեջ ենք կամ էլ չենք կարողանում կողմնորոշվել:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ոչ մեկի երեսն էլ չենք ուզում տեսնել` ոչ ներկա եւ ոչ էլ այս իշխանության ծնած մեկ այլ կառավարության, իմա` վարչապետների: Բայց ափսոս, որ մեծ երգիծաբանը մեր օրերում չի ապրում, թե չէ կխոսեր ոչ թե իրեն, այլ երկիրը դեպի անհայտություն տանող, վտանգներով լի նոր Սահմանադրություն կոչված «դիվերսիոն» փաստաթուղթը բերանքսիվայր ու շա՜տ խորը թաղելու մասին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը