Աշխարհ

15.12.2015 13:47


Մոսկվայում միմյանց ձեռք են սեղմել Քերրին ու Լավրովը (տեսանյութ)

Մոսկվայում միմյանց ձեռք են սեղմել Քերրին ու Լավրովը (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի բանակցությունները։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարն ու ուկրաինական ճգնաժամը։

Իր ներածական խոսքում Պետդեպի ղեկավարը նշել է, որ ՌԴ–ն և ԱՄՆ–ը կարող են ընդհանուր լեզու գտնել՝ չնայած առկա տարաձայնություններին։ Դրա համար էլ Քերրին առաջարկել է շարունակել «շփման կետերի որոնումները»։ Իր նախնական ելույթը Քերրին ավարտել է ռուսերեն «спасибо»–ով։

Իր հերթին Լավրովը նկատել է, որ ահաբեկչության թեման ավելի ընդարձակ է, քան սիրիական խնդիրը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ «Իսլամական պետությունն» արդեն արմատներ է գցել Իրաքում ու Լիբիայում, անհանգստություն է առաջացնում Եմենում ու Աֆղանստանում տիրող դրությունը։

Լավրովն ամերիկացի իր գործընկերոջն առաջարկել է նաև կարծիքներով փոխանակվել պաղեստինա–իսրայելական կարգավորման և ուկրաինական ճգնաժամի հարցերով։ Մասնավորապես, ռուս նախարարը կոչ է արել Վաշինգտոնին ներազդել Կիևի վրա՝ օգնելու ճգնաժամի լուծմանը։

Հայտնի է, որ Քերրին մտադիր է հանդիպել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«BBC»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ պետքարտուղարը հույս ունի մերձեցնել Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները սիրիական հակամարտության կարգավորման հարցով՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել Սիրիայի հարցով միջազգային հանդիպման համար, որը նախանշված է այս շաբաթավերջին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը