Մեկնաբանություն

19.12.2015 21:45


Սարգսյան–Ալիև հանդիպման գինը մեր երիտասարդների դիակներն են

Սարգսյան–Ալիև հանդիպման գինը մեր երիտասարդների դիակներն են

Սև հումորի շարքից է հաղորդագրությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:

Արդեն տխուր ավանդույթ է դարձել, որ Ղարաբաղյան բանակցությունների ակտիվացման փուլում (լինի դա պետությունների առաջին դեմքերի մակարդակով հանդիպում, եռանախագահողների տարածաշրջանային այց և այլն) Ադրբեջանն իրեն լկտի է պահում, որի արդյունքում ունենում ենք զոհեր։

Այս անգամ էլ բացառություն չեղավ։ Ճիշտ է, թշնամու զորքն էլ կորուստներ ունի, սակայն դա փոքրիկ սփոփանք է։ Ստացվում է, որ պետք է առաջին դեմքերը հանդիպեն, որ լարվածության թուլացման շուրջ բանակցեն, բայց այդ հանդիպումներին միշտ նախորդում են բախումներն ու զոհերը։

Ալիևի լկտիության պատճառները պետք է փնտրել Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» և «ֆուտբոլային» դիվանագիտության, ինչպես նաև Հայաստանի տնտեսական վիճակի մեջ։

ՀՀԿ ղեկավարի պատկերացրած արտաքին քաղաքականությունը դրսի բոլոր ուժերին «այո» ասելու մեջ է։ Արդյունքում նա համաձայնեց ստորագրել հայ–թուրքական արձանագրությունները, որտեղ տողատակում Ղարաբաղի հարցով թուրքական նախապայման կար։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն էր պատճառը, որ Ղարաբաղի գլխին սկսեցին ամպեր կուտակվել՝ նպաստելով լարվածության աճին։

2008–ից սկսած Սարգսյանն իր «այո»–ներով հասավ մինչև Կազան, որտեղ 2011թ. ստիպված եղավ «ոչ» ասել Ալիևի տասը նոր պահանջներին, սակայն դա փլուզեց բանակցային գործընթացը վերջնականապես. պետք չէր հասցնել Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակը մի կետի, որ հետո ստիպված լինես «հերոսաբար» «ոչ» ասել ու սառեցնել բանակցությունները և ոչնչացնել աշխատանքային փաստաթուղթը։

Բանակցությունների դադարեցման այլընտրանքը լայնամասշտաբ պատերազմն է, կամ առնվազն բախումները և զոհերը, ինչին էլ ականատես ենք լինում վերջին տարիներին։

Ալիևի լկտիության պատճառներից է նաև Հայաստանի թուլացումն ու ոչ համարժեք պահվածքը։

Ինչպես ճիշտ նկատել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցի հետ հարցազրույցի ընթացքում՝ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն ընդամենը խոսքեր մնան՝ սահմանին հաստատ ավելի շատ կկրակեն:

Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոգևորվում է հենց հայկական կողմի պահվածքից, երբ պատժելու մասին խոսքը գործի չի վերածվում, և երբ հայկական կողմի հզոր քայլ է հայ հանրությանը ներկայացվում, օրինակ, մեր խփված ուղղաթիռի մեջ գտնվողների դիակները մի քանի օրից հետ բերելը։

Սերժ Սարգսյանին բացառապես սեփական վերարտադրության խնդիրներն են հետաքրքրում և նա մնացորդային սկզբունքով է զբաղվում պետական հարցերով, այդ թվում՝ մեր երկրի պաշտպանունակությանը վերաբերող հարցերով («Գեբելսյան» քարոզչամեքենան զբաղված է ՊՆ Սեյրան Օհանյանին «փչացնելով», ինչը նույնպես չի կարող չազդել մեր բանակի վրա)։

Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ Սարգսյանի ու Ալիևի և՛ հանդիպելն է անարդյունք, անմիաստ ու մահաբեր, և՛ չհանդիպելը։ Երկու դեպքում էլ հարվածներ ենք ստանում ու զոհեր ունենում։

Արտգործնախարար Նալբանդյանը հայտարարում է, թե բանակցություններն այլընտրանք չունեն։ Այո՛, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, ինչը պետք է կանխել, բայց կանխումը միայն խոսքով չի լինում։ Համ էլ կոնկրետ ինչի՞ է հասնում բանակցություններով Սարգսյանը։ Ոչ մի բանի, բացի այդ բանակցությանը նախորդող օրերին զոհեր տալուց։

«Եթե բանակցությունն այսօր արդյունքներ չի տալիս՝ չի նշանակում, որ չպիտի լինի կամ՝ անիմաստ է: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ: Բայց կարծես թե դա պետք է որ տեղի ունենար։ ... Հենց որ կողմերից մեկը որոշակի անպատժելիություն զգա և ուժային լուծման հնարավորություն տեսնի, ապա վստահեցնում եմ Ձեզ՝ նման լուծման կիրառման առիթը կգտնվի: Այսօր ակներև է, որ ադրբեջանական կողմի մոտ կան նման նկրտումներ: Ու հենց դա է այն շարժառիթը, որ մղում է ադրբեջանցի զինվորականներին անընդհատ խախտել հրադադարի ռեժիմը»,– նշել էր Քոչարյանը նույն հարցազրույցում, և այս տեսակետի հետ դժվար է վիճել։

Եվ այսպես, տարին փակում ենք մեր երիտասարդների զոհերով։ Այսինքն այնպես, ինչպես սկսել էինք։

ԵԱՀԿ Մինսկի խմբին սա, բնականաբար, չի հուզում։ Նրանք առաջին դեմքերի հանդիպում կազմակերպեցին և իրենց «գալոչկան» դրեցին։ Անպտուղ հանդիպում, որի գինը մեր երեխեքի դիակներն են։

Ցավը տիրոջն է տանջում։ Մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը այն ուժը չէ, որ խնդիր լուծի։ Դրանք խնդիրներ ստեղծող են, լուծող չեն։

Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության բանալին գտնվում է Երևանում ու Ստեփանակերտում։ Այնպես որ պետք է ներքին քաղաքական ու տնտեսական խնդիրները լուծել, որից հետո թշնամու հարցերը լուծելը տեխնիկայի հարց կդառնա։ Քանի դեռ այս գիտակցումը հանրային կոդ չի դարձել, անընդհատ զոհեր ենք տալու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը