Մեկնաբանություն

16.01.2016 14:45


Փոխել, այլ ոչ թե դիմել

Փոխել, այլ ոչ թե դիմել

Լավ, Նոր ու Հին տարին էլ պրծավ: Հետո՞:

Մարդկանց նախ հետաքրքրում է կոմունալի վարձավճարները մուծելու հարցը: Ենթադրենք՝ մուծեցին, բա հետո ինչպե՞ս են ապրելու: Այս հարցադրումը բոլորի շուրթերին է:

Ստիպված ես հիշել Սեւակի խոսքերը.

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:

Սուրբ հողը` չէ, բայց «սուրբ» կառավարությունը զգում է մեր «ավելորդ ծանրությունը»:

Նայում ես եկած հաշիվներիդ ու քիչ է մնում՝ ուշաթափվես… .Շա՜տ է «ավելորդ» մեր «ծանրությունը»:

Երբ պարզվում է, որ հոսանքի սակագնի դեմ իրականացված «պայքարիկը» կեղծ էր, ու դու ստիպված ես ավելին վճարել, ուզում ես, կոպիտ ասած, թքել ամեն ինչի վրա եւ ոչ մի մուծում էլ չանել:

Ցավոք, մեր ժողովուրդը միասնական չէ գոնե նման հարցերում: Իբր, «տոն» արեցինք, հիմա էլ եղած-չեղած վերջին դրամները պետք է վճարենք կոմունալի համար:

Իսկ մինչեւ հունվարի վերջ ապրելու համար դեռ 15 օր կա: Ի՞նչ անել` բանտարկված մնալ տանը եւ չոր հա՞ց կրծել: Թե՞ դիմել նորաստեղծ «Լուսավոր Հայաստանին»` վերջինից ակնկալելով աջակցություն:

Չէ՞ որ «Լուսավոր Հայաստան» ասելով մենք հասկանում ենք փրկչական առաքելություն` լույս, լույս, լույս…գրեթե ձրի…

Ո՞ւմ դիմենք, ասե՛ք… Հունվարին, փետրվարին, մարտին եւ 2016-ի մնացած ամիսներին գոյատեւելու համար:

Եթե խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 14-ի, ու Բաղրամյան 26-ից հռոց-բռոց չկա, ապա անիմաստ է մտածել ինչ–որ մեկին դիմելու մասին: Պետք է գործել ու փոխել այս գաղջ իրավիճակը, այլ ոչ թե դիմել։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը