Լրահոս

29.04.2016 15:53


Արցախյան պատերազմում զոհված սպաներից երկուսը եղել են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի դոնորներ

Արցախյան պատերազմում զոհված սպաներից երկուսը եղել են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի դոնորներ

Արցախյան պատերազմի առաջին օրերին պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնորներ էին:
Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը որպես ՈԴՀՌ կամավորագրվել են ռեեստրին 2006-2010թթ., Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորցրած կյանք շատ մեծ վիշտ է բոլորիս համար»,-ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Դր. Ֆրիդա Ջորդանը:

Այսօր, երբ մենք պարզեցինք, որ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը եղել են մեր հիմնադրամի կամավոր դոնորներ, մեր վիշտը ավելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացության և հերոսության հանդեպ էլ ավելի մեծ: Մեր զինվորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կյանքեր ոչ միայն ռազմի դաշտում` պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաև խաղաղ պայմաններում`օգնելով արյան քաղցկեղից տառապող հիվանդներին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորների և սպաների ընտանիքներին:

Ամեն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տասնյակ այլ հաստատություններում, բուհերում, համայնքային կենտրոններում և ՀԿ-ներում անցկացնում է դոնորագրումներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամենամյա ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է և կարևոր: Հայ զինվորները և սպաները կազմում են մեր կամավորների ստվար մասը: Նրանք ոչ միայն կամավորագրվել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլև նրանցից երկուսը՝ Արտակ Լազյանը և Հովհաննես Ալիխանյանը փրկել են մարդկային կյանքեր՝ նվիրաբերելով իրենց ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»

Այս խորագրի վերջին նյութերը