Լրահոս

04.05.2016 12:10


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հերթական զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հերթական զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, լռության մատնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի 1-5-ին սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ ամբողջ ապրիլի ընթացքում կրած կորուստները, սկսել է հայտնել մայիսի առաջին օրերին կորցրած զինծառայողների անունները, այն էլ՝ սոցցանցերում նրանց հուղարկավորության լուսանկարները հայտնվելուց հետո:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել են Թարթառի ուղղությամբ շփման գծում մայիսի 3-ին 19-ամյա զինծառայող Ամրահ Այդըն օղլու Յուզբեյովի կորստի մասին: Ամենայն հավանականությամբ, սպանվածը ազգությամբ լեզգի է: Նա այսօր պետք է թաղվի լեզգիաբնակ Խաչմազի շրջանի Հաջիմամեդ-Օբա գյուղում:

Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել էր նաեւ մայիսի 1-ին Թարթառի ուղղությամբ 20-ամյա զինծառայող Էլմար Իլհամ օղլու Մեմմեդովի մահը: Նա Գյոյչայից էր, թաղվել է Բաքվում:

Ադրբեջանը պաշտոնապես խոստովանել է ապրիլի ընթացքում իր միայն 33 զինծառայողի կորուստը` չնշելով որեւէ անուն: Սակայն, արտասահմանում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքը սոցցանցերում սեփական հետազոտությունների հիման վրա հայտնել էր 101 ադրբեջանցի զինծառայողների կորստի մասին` նշելով նրանց անունները եւ թաղման վայրերն ու օրը:

Ադրբեջանի ՊՆ-ն Meydan TV-ին կոչ էր արել զերծ մնալ զինծառայողների կորստի մասին տեղեկություններ տարածելուց, որն այդ գերատեսչությունը համարում է պետական գաղտնիք: Այդ զգուշացումից հետո, որն, անկասկած, նաեւ սպառնալիք է հանդիսանում, Meydan TV-ն դադարել է տեղեկություններ հայտնել ադրբեջանական բանակում կորուստների մասին: Չնայած դրան, Ադրբեջանում արդեն քրեական գործ է հարուցվել Meydan TV-ի տեղացի անձնակազմի դեմ:

Միջազգային «Bellingcat» վերլուծական խումբը հայտնում է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է:

Մանրամասն՝ «Artsakhpress.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը