Մեկնաբանություն

06.05.2016 08:29


Երբ սկզբունք է հռչակվում անսկզբունքայնությունը

Երբ սկզբունք է հռչակվում անսկզբունքայնությունը

Սերժ Սարգսյանը «նախաձեռնողականից» անցել է «խճճողական» քաղաքականության:

Առավոտյան հանրությունը ցնծում էր՝ ստանալով լուրն այն մասին, որ Կառավարությունը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը ընդունել է:

Երկու ժամ հետո պարզվեց, որ Կառավարությունն այդ նախագծի վերաբերյալ եզրակացություն է տվել:

Ավելի ուշ սկսվեց այլ կառույցների կողմից արված հայտարարությունների տարածումը:

ՀՀ ԱԳՆ-ն ոնց որ թե Կառավարության մաս է կազմում, սակայն շտապեց հանրությանը «լուսավորել» եւ մի փոքրիկ «սպռավոչկա» անել Կառավարության ընդունած եզրակացության կապակցությամբ:

ԱԳՆ–ն հայտարարեց, որ այդ եզրակացությունը դեռ չի նշանակում, թե Կառավարությունը հավանություն է տվել այդ օրենսդրական նախաձեռնությանը: Քանի դեռ Սերժ Սարգսյանը այդ թեմայով չի խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ, Կառավարության եզրակացությունը ոչինչ է: Եվ ընդհանրապես, ըստ ԱԳՆ-ի՝ ճիշտը բանակցությունները շարունակելն է:

Պարզ է, չէ՞, որ առանց Սերժ Սարգսյանի՝ Նալբանդյանը նման հայտարարություն չէր կարող տարածել: Չես հասկանում՝ ժողովրդին «շշկռացնելու» էս մոտեցումը ո՞ւմ է հաճույք պատճառում:

ՀՀԿ ղեկավարը Արցախի ճանաչման հարցը տեղափոխել է անձնական քմահաճույքի դաշտ՝ այն պայմանավորելով թշնամու տարբեր ուժգնության գրոհներով կամ հարձակումներով: Արտաքին աշխարհին «հաթաթա» տալու ձեւ է ընտրել: Բայց հանրությունն այս ամենը լուրջ է ընդունում:

Ստացվում է, որ նա միաժամանակ խաբում է թե՛ արտաքին եւ թե՛ ներքին լսարանին: Որ ի՞նչ: Դժվար է հասկանալը, ինչպես մինչ օրս չենք հասկանում Սարգսյանի մնացած քայլերի տրամաբանությունը:

Օրվա վերջում էլ հանրության համար իր ՖԲ-ի էջում հանդես եկավ Գալուստ Սահակյանի մամուլի քարտուղարը, որն էլ մանրամասնեց ճանաչման ընթացակարգը, ինչից ակնհայտորեն պարզ է դառնում, որ Ազգային ժողովի օրակարգ հազիվ թե մտնի այդ օրինագիծը:

Գլխադասային հանձնաժողովում մի քիչ քննարկելու են (իրականում՝ «ջուրծեծոցիով» են զբաղվելու) օրենքի նախագիծը, իսկ հետո էլ ԱԺ ղեկավարությունը մերժելու է ու դեն շպրտի՝ թույլ չտալով, որ այն մտնի մեծ օրակարգ:

Այս խուճուճ գործընթացը հորինողի հեղինակային իրավունքը պատկանում է Բաղրամյան 26-ին: Հերթական թամաշան են բեմադրում՝ «խորիմաստ դիվանագիտության» պատրանք ստեղծելու նպատակով: Դե, համ էլ ի՞նչ վատ է, որ...Ժողովուրդը մի բանով պե՞տք է զբաղվի, թե՞ ոչ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը