Լրահոս

06.05.2016 12:09


«analitik.am»-ի աշխատակիցների կողմից շորթում կատարելու վերաբերյալ քրգործը՝ ՀՔԾ վարույթում

«analitik.am»-ի աշխատակիցների կողմից շորթում կատարելու վերաբերյալ քրգործը՝ ՀՔԾ վարույթում

ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ԱԺ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «analitik.am» խմբագրության աշխատակիցներ Անի Հ.-ն և Վարդիթեր Գ.-ն:

2016 թվականի մայիսի 5-ից հիշյալ քրեական գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը